National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
19.03.2024
Քննարկվել է ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակին առնչվող համաձայնագրի վավերացմանը վերաբերող հարցը
1 / 4

Խորհրդարանը մարտի 19-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը. նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Նրա խոսքով համաձայնագիրը տարածվում է մեր երկրում ԵՄ առաքելության ու նրա անձնակազմի վրա եւ գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը:

«Առաքելության գործունեությունը կարեւորվում է ոչ միայն ՀՀ արեւելյան սահմանների կայունության ապահովման, այլեւ ԵՄ-Հայաստան  քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից»,- ընդգծել է փոխնախարարը: Ըստ նրա՝ մեր երկրում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային եւ հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն:

Զեկուցողը նշել է, որ համաձայնագրով հստակեցվում են նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման տեղաշարժի ընթացակարգերը, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:

«ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը»,- հիշեցրել է Մնացական Սաֆարյանը եւ հավելել՝ հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արեւելյան սահմաններին իրավիճակի հավանական սրացման լուրջ վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը:

«Այդուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձեւավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, եւ տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն եւս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ: Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի կողմից, այլեւ հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ»,- ասել է Մնացական Սաֆարյանը: Նրա խոսքով 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը: Նրա գնահատմամբ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների տեղակայման հատվածներում իրավիճակը հնարավորինս կայուն է:

Հարցուպատասխանի եւ մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականները խոսել են մեր երկրում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությունից, ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվել են փաստաթղթի, մասնավորապես՝ Հայաստանի իրավունքներին առնչվող դրույթներով, ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվակազմի փոփոխության եւ առաքելությունից Հայաստանի հրաժարվելու հնարավորություններով:  Զեկուցողը տեղեկացրել է, որ համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ դրա գործողությունը կարող է դադարեցվել կողմերի գրավոր համաձայնությամբ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Սեյրան Օհանյանը նշել է, որ մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգության համար պատասխանատու են ՀՀ-ն եւ գործող իշխանությունները: Խմբակցության ղեկավարի խոսքով այսօրվա իշխանությունները ձախողել են հատկապես արտաքին սպառնալիքներին դիմագրավելու հարցում, եւ ադրբեջանցիները հայտնվել են մեր տարածքներում: Զեկուցողի գնահատմամբ ամբողջական չեն ներկայացված փաստաթղթի իրավական հիմքերը: Նշվել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախաձեռնությանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է Հայկ Կոնջորյանը: Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների այն փաստարկներին, թե ՀՀ իշխանությունները ձախողել են մեր երկրի անվտանգության ապահովումը, որովհետեւ ադրբեջանական ուժերը հայտնվել են ՀՀ տարածքում՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ այդ ուժերը չեն հայտնվել, այլ հարձակվել են:

Հայկ Կոնջորյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության կապակցությամբ եւ արձանագրել, որ Հայաստանում առաքելության տեղակայումն էականորեն նպաստել է տարածաշրջանային կայունությանը: «Մենք շարունակելու ենք աջակցել այս առաքելությանը»,- ընդգծել է պատգամավորը եւ տեղեկացրել, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: 

Օրենքն ընդունվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am