ՀՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին վճարման միջոցով: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը (օրինակ՝ տարբեր ՊՈԱԿ-ներ՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ եւ այլն): Հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին: Քիչ չեն դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին:
Տարբեր հաշվեհամարներին նման բնույթի կատարվող վճարումները դժվարացնում են Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, քանի որ վերջինս այդ գումարների գոյացման աղբյուրը դիտարկելու հնարավորություն չունի:
Գործադիրն առաջարկում է սահմանել լիազորող նորմ, որի կիրառմամբ այս վճարումները կիրականացվեն կենտրոնացված հաշվեհամարին: Նախաքննության փուլում դա կլինի Գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվեհամարը, իսկ դատաքննության փուլում՝ տվյալ դատարանի հաշվեհամարը: Կսահմանվի նաեւ այդ գումարների տնօրինման, կառավարման եւ հրապարակման կարգը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են Ազգային ժողովի մարտի 19-ի նիստում: Կարգավորումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: