Խորհրդարանը մարտի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրությունը թույլատրել հանրային մուլտիպլեքսում բացառապես ժամը 24:00-ից առավոտյան 06:00-ն: «Մեր քաղաքական մոտեցումն այն է, որ մենք բոլոր հնարավոր տեղերում պետք է սահմանափակենք քրեական ենթամշակույթի տարրերի տարածումն ու դրանց քարոզումը՝ առաջին հերթին պաշտպանելով մեր անչափահաս քաղաքացիներին»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել են տեխնիկական փոփոխություններ, որոնք իրացվել են:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է եւ հորդորել է կողմ քվեարկել:
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մաս կազմող՝ 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկից: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի ներկայացմամբ ընկերությունը գտնվում է Լոռու մարզում: Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացնում եւ գործունեություն չի ծավալում: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված են:
«ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը միտված է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի եւ Սեւանա լճի կենսապաշարների պահպանմանը: Արդյունքում կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի ներկայացմամբ սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է սահմանվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:
««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի
ընդունումը կնպաստի խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը: Առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում կազմակերպիչների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող խաղացողների ներգրավման տեսանկյունից: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բացահայտվել են մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք ուղղվել են:
Քննարկված նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: