Տպել
26.09.2006
Հանրային կարիքների համար սեփականության օտարման հարցը արտահերթ նիստի օրակարգում

Կառավարության նախաձեռնությամբ` սեպտեմբերի 26-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրել էր արտահերթ նիստ` օրակարգային տասներկու հարցերով եւ երկու միջազգային պայմանագրերով:Արտահերթի շրջանակներում գործադիրն օրենսդիր մարմնին առաջարկում է քննության առնել«Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին»` առաջին ընթերցում անցած օրինագիծը:Այս հարցն էլ հենց նիստի սկզբում դարձավ բանավեճի առարկա: Դեռ քառօրյայի ընթացքում պատգամավորներն առաջարկել էին նախագծին անդրադառնալ այդ թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելուց եւ հանրային կարծիքները լսելուց հետո միայն: Աժ նախագահը նշեց, որ լսումների վերաբերյալ որեւէ գրավոր առաջարկ չի եղել: Բացի այդ` նիստը նախաձառնող կառավարությունն է որոշել նիստի օրակարգը: Ընդդիմադիր պատգամավորները նաեւ առաջարկեցին հարցի քննարկումը հեռարձակել հանրային հեռուստատեսությամբ: Քվեարկության արդյունքում, սակայն, առաջարկը մերժվեց:Պատգամավորները մերժեցին նաեւ մի շարք նախագծեր հատուկ կարգով` երկու ընթերցման ընթացակարգով քննարկելու որոշման նախագիծը:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:

Այնուհետեւ խորհրդարանն անցավ հասարակական մեծ հնչեղություն ստացած` «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի եւ հողային ու քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող նախագծերի քննարկմանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց առաջին ընթերցումից հետո լրամշակված նախագիծը` ասելով, որ առաջարկություններով հանդես են եկել թե պատգամավորները, թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, թե մարդու իրավունքների պաշտպանը: Լրամշակված տարբերակում ավելացված է սեփականատերերին տրվելիք փոխհատուցման չափը. օտարվող սեփականության դիմաց կվճարվի գույքի շուկայական արժեքի 5 տոկոսի փոխարեն 10 տոկոսով ավելի գումար: Նախարարի կարծիքով` պետք է խթանել, որ սեփականատերը եւ գույք ձեռքբերողը փոխհարաբերությունները կարգավորեն պայմանագրային հիմունքներով: Այս նպատակով նախագծում նախատեսված են դրույթներ: Նախարարը տեղեկացրեց, որդատական կարգով օտարված անշարժ գույքի սեփականատերը հնարավորություն կունենա օտարման օրից երկու ամսվա ընթացքում անհատույց օգտագործել գույքը: Նախնական տարբերակում այդ ժամկետը մեկ ամիս էր:

Հարցի վերաբերյալ տեսակետ ներկայացրեցերեք խմբակցություն:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը դրական դիրքորոշման համար ունի մեկ նախապայման: Նահամարում է, որ նախագծից պետք է հանվի հանրային եւ սեփական շահերը միմյանց հակադրող դրույթը: Խմբակցությունում նաեւ գտնում են, որ սեփականության մի մասն օտարելու եւ սեփականատիրոջ պահանջիդեպքում պետք է օտարվի նաեւ սեփականության մնացած մասը: ՄԱԿ-ի առաջարկությունների մի մասն ընդունվել եւ արտացոլվել է օրինագծում:

ՕԵԿ խմբակցության տեսակետը բացասական էր: Մհեր Շահգելդյանը գտնում է, որ քննարկվող հարցը սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն ունի եւ առնչվում է հազարավոր մարդկանց իրավունքներին: Պատգամավորը կարծում է, որ վտանգված է սեփականությունը պաշտպանելու` մարդկանց իրավունքը: Բացի այդ, նախագծում կան կամայականությունների եւ կոռուպցիայի մեծ ռիսկեր:

«Արդարություն» խմբկացության քարտուղար Գրիգոր Հարությունյանը կառավարության ներկայացուցչին առաջարկեց նախագիծը հետ վերցնել եւ միայնխորհրդարանական լսումներ անցկացնելուց հետո ներկայացնել խորհրդարան: Այս պատճառով էլ խմբակցությունը չի ներկայացրել նախագծերի վերաբերյալ որեւէ առաջարկ:Իսկ քննարկվող նախագիծը, ըստ Գրիգոր Հարությունյանի, օրենքները մի քանի հոգու շահերինծառայեցնելու տիպիկ օրինակ է:

Հարցի մասին պատգամավորների ելույթներում հնչեցին տարբեր գնահատականներ: Վիկտոր Դալլաքյանն անընդունելի է համարում, որ հանրային գերակա շահը որոշելու լիազորությունը վերապահված լինի կառավարությանը: Դա ներկայացուցչական` օրենսդիր մարմնի խնդիրն է, կարծում է պատգամավորը: Գրիգոր Ղոնջեյանն իր ելույթում նկատեց, որհանրային շահը գերակա ճանաչելու նախաձեռնությամբ կառավարությանը դիմելու հնարավորություն է պետք ընձեռել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ ոչ առեւտրային ընկերություններին:Թաթուլ Մանասերյանն էլ առաջարկում է հարցին առավել համապարփակ լուծում տալ: Այս շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի պատգամավորի հեղինակած օրինագիծը գույքի ազգայնացման մասին:

Եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանը նկատեց, որսեփականության օտարման մեխանիզմի կամ փոխհատուցման չափի վերաբերյալ չեղան դժգոհություններ եւ առաջարկություններ:

Փոփոխված Սահմանադրությանը եւ աշխատանքային նոր օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով գործադիրն առաջարկում է փոփոխություն կատարել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում: Ըստ արդարադատության նախարարի, հստակեցված է կոլեկտիվ բանակցությունների վարման եւ կոլեկտիվ պայմանագրի կնքման գործընթացը:

Արդարադատության նախարարը պատգամավորներին ներկայացրեց նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»,«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» եւ «Պետական տուրքի մասին»օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը: Կառավարությունը նշված օրենքները ներդաշնակեցնում է սահմանադրական փոփոխություններին: Նախ` հստակեցված են այս փաստաթղթերում օգտագործվող հասկացությունները: Նախագծում սահմանված է, որ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայիհեռարձակման հնարավորություն է տրված միայն հանրային հեռուստառադիոընկերությանը եւ միջպետական պայմանագրով հեռարձակողներին:Լրամշակված նախագծումնախատեսվում է, որ մասնավոր հեռուստառադիոընկերությունները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով ներկայացնեն հաղորդումների հաշվառման մատյան: Այս տվյալների հիման վրա հանձնաժողովը պետք է իրականացնի վերահսկողություն` պարզի ընկերության գործունեության համապատասխանությունը օրենսդրության եւ լիցենզիայի պայմաններին: Փաստաթղթում տեղ է գտել նաեւ հովանավորությունը կարգավորող հոդված: Հովանավորություն կհամարվիֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից հռուստառադիոհաղորդման անշահախնդիր ֆինանսավորումը: Արգելվում է, որ պետական մարմիններն ու պաշտոնյաները հովանավորեն որեւէ հաղորդում: Նախագծով նախատեսվում է քարոզչական հաղորդումներ սփռել «քաղաքական գովազդ» պարտադիր լուսագրով: Կառավարությունն առաջարկում է, որՀեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը բաղկացած լինի 8 անդամներից: Չորսին վեց տարի ժամկետով պետք է ընտրի խորհրդարանը, իսկ չորսին` նշանակում է հանրապետության նախագահը:Փաթեթով առաջարկվում է հանրային հեռուստաընկերությանն ազատել հեռարձակման համար հատկացված հաճախականության համար սահմանված պետական տուրքից:

Օգտվելով ելույթի իրավունքից` «Արդարություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Զաքարյանը պատգամավորներին փոխանցեց որոշ լրագրական կազմակերպություների անհամաձայնությունը ներկայացված փաթեթի առնչությամբ: Նրանց հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները չեն համապատասխանում Սահմանադրությանը, մշակվել են առանց հասարակական քննարկումների եւ քաղաքացիական հասարակության կարծիքն անտեսելով: Նաեւ, որ փաստաթղթերում արտացոլված չեն միջազգային կազմակերպությունների կարծիքներն ու առաջարկությունները, ԵԽ խորհրդատվության դրույթները: Ըստ լրագրողների, այս ամենը բացասաբար կանդրադառնա ժողովրդավարեցման գործընթացի վրա:

Նախագծերի վերաբերյալ ելույթները կշարունակվեն սեպտեմբերի 27-ի նիստում: