Տպել
14.03.2024
Խորհրդարանում հյուրընկալվել են «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները
1 / 16

Մարտի 14-ին Ազգային ժողով են այցելել «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները: Նրանց հետ հանդիպել եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցերի մասին զրուցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ հանդիպումը կայանում է Կանանց միամսյակի շրջանակում: Անդրադառնալով «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի արդյունավետությանը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը համախմբում է տարբեր ոլորտներում նախաձեռնող, փորձառու եւ ուժեղ կանանց՝ զարգացնելու հաջողակ քաղաքական կարիերայի եւ առաջնորդության համար անհրաժեշտ հմտություններ: Այս համատեքստում նա ընդգծել է ծրագրում հատկապես մարզերի կանանց մասնակցությունը:

ԱԺ փոխնախագահը խոսել է անհատի կայանալու ճանապարհին կանանց վճռորոշ դերակատարության մասին եւ հավելել՝ կանայք առաջնորդության հարցում կարող են լինել լավագույնը եւ չպետք է թերագնահատել նրանց դերը: Հակոբ Արշակյանի համոզմամբ կանանց առաջնորդության համար ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն ու քննարկման մասնակիցներն անդրադարձել են քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանը, կանանց իրավունքների իրացմանը մի շարք բնագավառներում: Կարեւորվել է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, հատկապես տեղական մակարդակում: Նշվել է, որ գործող քվոտան ներուժ ունեցող կանանց ներգրավվելու հնարավորություն է տալիս, սակայն համայնքներում առկա են բազմաթիվ կարծրատիպեր: Ընդգծվել է որոշումներ ընդունող մարմիններում կանանց մասնակցությունը բարելավող մեխանիզմների անհրաժեշտությունը: Խոսվել է կանանց զբաղվածությունը խթանող ծրագրերի մասին:

«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը ոգեշնչված է Կատարինե Զալյան Մանուկյանի կերպարով, որը 1919 թվականին եղել է առաջին հայ կին պատգամավորներից մեկը: Ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ/NDI) կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում:


14.03.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգի կառավարության ներկայացուցիչների հետ
ԳԴՀ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգի կառավարության ներկայացուցիչների հետ: Համբուրգի ֆինանսների նախարար (Ֆինանսների սենատոր) Անդրեաս Դրեսելի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում արծարծվել են հայ-գերմանական արդի...

14.03.2024
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է փոխարինող անդամի հարցը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը եւ Էդգար Հակոբյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` մարտի 14-ին նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ` պայմանավորված հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտո...

14.03.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...