Տպել
01.03.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու միջազգային ուսանողական խմբի հետ
1 / 8

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու միջազգային ուսանողական խմբի հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը:

Գերմանիայի տարբեր բուհերը ներկայացնող հիմնադրամի կրթաթոշակառուներին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նկատմամբ հետաքրքրության համար:

Նա ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը, տարածաշրջանի անվտանգային խնդիրները` խոսելով նաեւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի, այդ թվում` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

Սարգիս Խանդանյանի խոսքով 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն եւ ջանք չի խնայում երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման ու ամրապնդման գործում:

Ուսանողները հարցեր են ուղղել Սարգիս Խանդանյանին, որոնք վերաբերել են ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը եւ այլ թեմաների: