Հայաստանի Ազգային ժողովն ու Ազգային ժողովրդավարության ինստիտուտը համագործակցության շատ լավ փորձ ունեն: Մենք կարեւորում ենք ծրագրի միջոցով երիտասարդ մասնագետներին խորհրդարանի աշխատանքներին ծանոթացնելու եւ ներգրավվելու հնարավորությունը: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք, եւ դուք ձեր ավանդը կունենաք Ազգային ժողովի աշխատանքներում. փետրվարի 20-ին Ազգային ժողովում ողջունելով Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի 2024 թվականի ընտրված մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ու ծանոթացել ծրագրի մասնագետների հետ, լսել նրանց նախասիրությունները:
«Նոր Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման հարցում մեծ դեր ունի երիտասարդների ձայնը, ուստի այս համատեքստում շատ ողջունելի է այն փաստը, որ խորհրդարանը բացել է իր դռները ծրագրի մասնագետների առաջ»,- ասել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քոեն Պուստյենսը եւ հավելել. «Փորձնակության ծրագրին մասնակցելով՝ դուք միանում եք Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ծրագրի մասնագետների մեծ խմբին»:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը ծրագրի մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Ներքին կարգապահական կանոնները», խոսել էթիկայից եւ ներքին կարգապահությունից, որոնք ծրագրի մասնակիցներին անհրաժեշտ կլինեն ինչպես պետական հաստատություններում գործունեություն ծավալելու պարագայում, այնպես էլ առօրյա կյանքում: Հեղինե Խաչիկյանը նշել է, որ կարգապահությունն ու աշխատանքային էթիկան ցանկացած մասնագիտական գործունեության արդյունավետության կարեւոր գրավականն են:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը երիտասարդ մասնագետներին ներկայացրել է Ազգային ժողովի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը: Նա խոսել է նաեւ հանձնաժողովների, վարչությունների եւ այլ ստորաբաժանումների նշանակության, սահմանադրական փոփոխությունների, օրենսդրական նախաձեռնությունների ու քաղաքական ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու մոդելի մասին ու խորհրդարանական աշխատանքների համատեքստում կարեւորել թե՛ իշխանական մեծամասնության, թե՛ ընդդիմության դերն ու նպատակները:
Ծրագրի մասնակիցներին վարչության գործառույթներն է ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը: «Խորհրդարանական աշխատանքները ներկայացնելիս ամենակարեւոր հատկանիշներից մեկը հրապարակայնությունն ու Ազգային ժողովի նախագահի, տեղակալների եւ երեք քաղաքական խմբակցությունների ու պատգամավորների գործունեությունը հավասարաչափ լուսաբանելու սկզբունքն է»,- նշել է Լաուրա Անտոնյանն ու կարեւոր համարել Ազգային ժողովի բոլոր վարչությունների ապաքաղաքական լինելու սկզբունքը: Նա անդրադարձ է կատարել «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարին, խորհրդարանի պաշտոնական կայքէջին՝ ներկայացնելով առաջիկա բարեփոխումներն ու վարչության աշխատանքի առաջնահերթությունները, խոսել նաեւ խնդիրներից:
Հաջորդիվ մասնագետների հետ հանդիպել է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը: Նա կարեւորել է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական կյանքին, ներառականությունը, քաղաքացիների մասնակցությունն օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, խոսել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին խորհրդարանական աշխատանքներին ներգրավելու անհրաժեշտության մասին: Աշխեն Հայրապետյանը երիտասարդ մասնագետներին ներկայացրել է նաեւ օտար երկրների խորհրդարանների կառավարման փորձն ու տեսակները եւ այդ համատեքստում նրանցից լսել իրենց առաջարկները՝ ՀՀ ԱԺ աշխատանքներն էլ ավելի լավարկելու նպատակով:
Ընտրված երիտասարդներն առաջիկա մոտ մեկ տարվա ընթացքում փորձաշրջան կանցնեն ԱԺ-ում եւ կմասնակցեն առցանց վեբինարներին՝ ուղղված նրանց կարողությունների զարգացմանը:
Ծրագրի շրջանակում երիտասարդ մասնագետները հնարավորություն են ունենալու աջակցել հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով հետազոտություններ, վերլուծություններ, մամուլի մշտադիտարկում, պատրաստելու են մամուլի հաղորդագրություններ:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում: