Տպել
13.09.2006
ԱԺ կանոնակարգային փոփոխությունները` որպես սահմանադրական փոփոխությունների արդյունք

Ազգային ժողովի սեպտեմբերի 13-ի նիստում շարունակվեցին նախորդ օրն ընդհատված ԱԺ կանոնակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկումները:

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ներկայացնելով իր տեսակետը քննարկվող հարցի շուրջ, նշեց, որ  «ԱԺ կանոնակարգ» օրենքը պետք է ապահովի խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացումը` հանդիսանալով ոչ թե դակիչ մեքենա կամ գործադիր իշխանության կցորդ, այլ գործադիրի հակակշիռ: Նա կարեւորեց ԱԺ պատգամավորների հարցապնդումների, հայտարարությունների ու կառավարության հետ հարցուպատասխանի հեռարձակումը հանրային հեռուստատեսությամբ: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի գնահատմամբ` սահմանադրական փոփոխությունները քաղաքական կենտրոնը խորհրդարան տեղափոխելու հնարավորություն են ընձեռել: Ըստ պարոն Քոչարյանի` փոփոխություններով օրենսդիրը դադարում է վերահսկելի լինել գործադիրի կողմից, այլ հակառակը`  գործադիրն է դառնում վերահսկելի. դա է ժողովրդավարության հիմքը: ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը կարեւորեց հարցի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցչի մասնակցությունը: Անդրադառնալով ԱԺ հարցապնդումների, հայտարարությունների ու կառավարության հետ հարցուպատասխանի հեռարձակմանը` պարոն Զաքարյանն ընդգծեց, որ խնդիրը կարելի է լուծել ՀՀ Սահմանադրությամբ: ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ՄԱԿ խմբակցության հեղինակած օրինագիծը որակեց ապագայի կանոնակարգ` հաշվի առնելով Հայաստանում պառլամենտարիզմի վիճակը: Պարոն Բաղդասարյանն արդյունավետ է համարում երկու շաբաթը մեկ անգամ եռօրա նիստերի գումարումը: Նա անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավորի օգնական ունենալու իրավունքին` դա համարելով պատգամավորի աշխատանքի արդյունավետության բարձրացման կարեւոր խթան: «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը որակեց իբրեւ ԱԺ Սահմանադրություն, որը բարեփոխումների անհրաժեշտություն ունի: Պարոն Դալլաքյանի կարծիքով` խորհրդարանական փոքրամասնությունը օրենքով ամրագրված երաշխիքներ պիտի ունենա, դիցուք` կանոնակարգում ընդգծվի, որ ԱԺ ղեկավար կազմում պիտի ընդգրկել նաեւ փոքրամասնության ներկայացուցիչների: «Կարեւորը ոչ թե նիստերի գումարման մեխանիզմն է, այլ խորհրդարանի որակական կազմի ապահովումը, Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը»- փաստեց Վիկտոր Դալլաքյանը: Կարեւորելով ԱԺ նիստերի հեռարձակման հիմնախնդիրը` ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ ժողովուրդը պետք է վերահսկի իր ընտրյալների օրենսդրական գործունեությունը` «սա է ժողովրդավարության իրական ճանապարհը»: ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանն էլ կարեւորեց քաղաքական ուժերի միջեւ փոխհամաձայնեցումը եւ միասնական նախագծի ներկայացումը: Պարոն Գասպարյանը եւս կողմնակից է երկու շաբաթը մեկ անգամ եռօրա նիստեր գումարելուն: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ ԱԺ հարցապնդումների, հայտարարությունների ու կառավարության հետ հարցուպատասխանի հեռարձակմանը, որը հնարավորություն կտա ժողովրդին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ խորհրդարանից: Պատգամավոր Արշակ Սադոյանի դիտարկմամբ էլ խորհրդարանի նիստերը չհեռարձակելը իշխանության ստվերայնության աստիճանը եւ ոչ հրապարակայնությունը թաքցնելու միտում ունի: «Խորհրդարանը աշխարհի բազում երկրներում բարձրագույն ներկայացուցչական մարմին է, մինչդեռ մեզանում դարձել է դակիչ մեքենա»- ամփոփեց Արշակ Սադոյանը: Արամ Գասպարի Սարգսյանը գտնում է, որ «ԱԺ կանոնակարգ»-ը հնարավորություն պետք է ընձեռի ԱԺ նախագահին կամ նիստը նախագահողին դիտողություն անել կառավարության ներկայացուցչին` պատգամավորի հարցապնդմանը ոչ լիարժեք արձագանքելու համար: Նրա բնորոշմամբ` խորհրդարանը կառավարության հպատակը չէ, այն պետք է վերահսկի գործադիր իշխանության գործունեությունը: Երեք շաբաթը մեկ նիստ հրավիրելը ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նպատակահարմար չի համարում, նա նաեւ կարեւորեց հարցի քննարկումից անմիջապես հետո քվեարկության կազմակերպումը, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեց անդրադառնալ պատգամավորի կարգավիճակին առնչվող հարցերին: Խոսելով պառլամենտի զարգացման հեռանկարներից` ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հավաստեց, որ ՀՀ-ում առանց պառլամենտարիզմի զարգացման անհնար էմիջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարության կայացումը: Նա անդրադարձավ խմբակցությունների եւ պատգամավորների կողմից միջոցառումներ նախաձեռնելու եւ կազմակերպելու խնդրին: Ըստ նրա` խորհրդարանը բաց, հրապարակային եւ թափանցիկ կառույց պիտի լինի: Պարոն Շահգելդյանը տեղեկացրեց, որ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ խնդիր է բարձրացվել, այն է` քաղաքացիները տեղեկատվության կարիք ունեն: Պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ գտնում է, որ հանձնաժողովների աշխատանքների արդյունավետությանը խթանող մեխանիզմներ պետք է մշակել, որը կնպաստի նաեւ հասարակության մեջ խորհրդարանի դերի բարձրացմանը: Հրանուշ Հակոբյանի հավաստմամբ` «ԱԺ կանոնակարգ» օրենքի համակարգային փոփոխություններն ուղղված են խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Տիկին Հակոբյանը նշեց, որ ճիշտ կլինի լրացուցիչ լրավճար սահմանել հանձնաժողովների աշխատանքներին մասնակցող պատգամավորներին: Նա նպատակահարմար է գտնում, որ հաջորդ խորհրդարանում ստեղծվեն ոչ թե 12, այլ 9 հանձնաժողովներ. սահմանադրական փոփոխություններով 12 հանձնաժողով ունենալը չի ամրագրված, այլ նշված է, որ կարող են լինել մինչեւ 12 մշտական հանձնաժողովներ եւ 9 հանձնաժողովը տիկին Հակոբյանը համարում էր այն օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա լիարժեք քննարկել օրինագծերը:

Խորհրդարանականներն անդրադարձան նաեւ ԱԺ պատգամավորի պահվածքին, կարգավիճակին, իրավունքներին, նիստերի կազմակերպմանը, պատգամավորների բացակայությանն առնչվողխնդիրների:

ՄԱԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Նա հավաստեց, որ իբրեւ քաղաքական կառույց` ՄԱԿ խմբակցությունը նախագիծը մշակելիս առաջնորդվել է իր արժեքային համակարգով եւ աշխարհայացքով: Պարոն Արսենյանի կարծիքով` կանոնակարգային փոփոխություններով նախատեսվում են գործնական մեխանիզմներ` ՀՀ-ում բազմաբեւեռ իշխանություն ստեղծելու համար: Նա փաստեց, որ ՄԱԿ խմբակցության առաջարկած սկզբունքները համապատասխանում են քաղաքական ուժերի եւ ժողովրդի շահերին: «Ցանկանում ենք ունենալ ուժեղ պետություն, ուր կա արդյունավետ իշխանություն»- ամփոփեց խմբակցության ղեկավարը:

«Գործարար» պատգամավորական խմբի տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Մեխակ Մխիթարյանը, նրա հավաստմամբ` կանոնակարգային փոփոխություների նպատակը խորհրդարանի եւ պատգամավորների վարկանիշի բարձրացումն է: Արժեւորելով երկու նախագծերում առաջադրված հիմնարար դրույթները` պարոն Մխիթարյանը կարեւորեց կանոնակարգի նախագծի միասնական տարբերակի առաջադրումը, որին «Գործարար» պատգամավորական խումբը կողմ կքվեարկի:

«Արդարություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նա գտնում է, որ ՄԱԿ խմբակցության հեղինակած օրինագիծը եւ խորհրդարանական քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ մշակված` ԱԺ կանոնակարգում փոփոխությունների առաջարկություններն այլընտրանքային չեն կարող լինել: Անդրադառնալով Ազգային ժողովի վարկանիշի բարձրացմանը` պարոն Հարությունյանը փաստեց, որ հեղինակություն ձեռք բերելու համար անհրաժեշտ են արդար եւ թափանցիկ ընտրություններ:

Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 14-ի նիստում:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին: