National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
07.02.2024
Ընտանեկան բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությանը միտված օրենսդրական նախաձեռնություն
1 / 5

Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը: Ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ասել է Զարուհի Բաթոյանը:

Պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փետրվարի 7-ի հերթական նիստում:

Ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին եւ քննարկվող օրինագիծն առաջին մեծ նախաձեռնությունն է օրենքի կիրարկումից հետո, որն անդրադառնում է ի հայտ եկած բացերին եւ խնդիրներին: «Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով, օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաեւ երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետները, ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը»,- մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ ասել է Զարուհի Բաթոյանը:

Առաջարկվում է առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով, սահմանել ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթը քննարկվել է պատասխանատու բոլոր գերատեսչությունների, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների, ՄԻՊ գրասենյակի հետ. հիմնական առաջարկություններն ու դիտարկումներն ընդունվել են:

Զարուհի Բաթոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի վերնագրի, «կենցաղային բռնություն» սահմանման, «զուգընկեր» տերմինի վերաբերյալ:

Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը, ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները, շեշտել է, որ օրենքը վերաբերում է բռնության դեպքերին: Կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությունը, խոցելի խմբերի անվտանգության պաշտպանությունը՝  հարակից զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ:

Հարակից զեկուցող, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունների մեջ է ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի իրականացումը: Ըստ նրա՝ արդյունավետ պայքարներից մեկն էլ օրենսդրական պատշաճ գործիքակազմ ապահովելն է: Համաձայն ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ 2021 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1644 դեպք, իսկ 2023 թվականին՝ 1819 դեպք: «Կառավարությունը դրական դիրքորոշում ունի ներկայացված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ. այն գալիս է լավարկելու օրենսդրական խնդիրները»,- ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ Կառավարությունը հետամտման հանցակազմի քրեականացման հարցում առաջարկել է փուլային տարբերակով լուծել հարցը:

Ելույթներում, արձանագրելով, որ նախորդ տարի 14 կին է մահացել ընտանիքում տեղի ունեցած բռնության արդյունքում, պատգամավորներն ընդգծել են, որ օրենսդրական նախաձեռնությունն ունի կանխարգելման կարեւոր բաղադրիչ: Կարեւորվել է հետամտումը քրեականացնելու հարցը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին այն ձեւակերպումներով, որով ներկայացվել է: Ըստ նրա՝ հարցն արհեստականորեն է բերվում օրակարգ, որ հասարակության մեջ նոր ալեկոծություն սկսվի:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրել է. «Ցանկանում եք ասել, որ ՀՀ-ում ընտանեկան բռնություն չկա՞: Ամբողջ աշխարհը տարին 2-3 անգամ այս հարցին անդրադառնում է, բոլոր հնարավոր ձեւերով օրենսդրական լուծումներ են տալիս, որ հնարավորինս բացառեն»:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ օրենքն ընտանեկան բռնության կանխարգելման մասին է, նշել է, որ նոր հասկացությունների սահմանմամբ կկանխարգելվեն բռնության այն տեսակները, որոնք մինչեւ այժմ օրենսդրությամբ որեւէ կերպ չէին կանխարգելվում եւ քաղաքացիներն օրենսդրությամբ պաշտպանվելու հնարավորություն չունեին:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am