Տպել
08.12.2023
Զբոսաշրջության ոլորտը նախատեսվում է կարգավորել նոր օրենքով
1 / 3

Այս նախագծերի փաթեթն էական բարեփոխում է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեավորել այն բոլոր մարտահրավերները, որոնք այսօր առկա են մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման առջեւ, ինչպես նաեւ իրացնել այն հնարավորությունները, որոնք այսօր տալիս է զբոսաշրջության ոլորտն աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում: Այս մասին ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմունքները, գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջների, ֆիզիկական անձանց հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման եւ պաշտպանության, զբոսաշրջային փաթեթի պայմանագրի կնքման, կատարման եւ դադարման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են այցելու, մեկօրյա այցելու, զբոսաշրջիկ, սփյուռքահայ զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, ներգնա եւ արտագնա զբոսաշրջություն, զբոսաշրջային փաթեթ, զբոսաշրջային փաթեթի պայմանագիր, զբոսաշրջային փաթեթի մեկնարկ, տուր, զբոսաշրջային ռեսուրսներ, զբոսաշրջային արդյունք (պրոդուկտ), զբոսաշրջային գործունեության սուբյեկտ, զբոսաշրջային օպերատոր, ներգնա զբոսաշրջային գործակալ, ներքին զբոսաշրջային գործակալ, արտագնա զբոսաշրջային գործակալ եւ այլ հիմնական հասկացությունները: Նախարարը տեղեկացրել է, որ  զբոսաշրջային գործունեությունն այժմ կարգավորվում է 2003 թվականին ընդունված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով, որով ոլորտն ամբողջությամբ չի կարգավորվում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:

Ելույթ ունեցած պատգամավորները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները՝ նշելով նախագծերում առկա թերությունները:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է գործընկերների բարձրացրած հարցերին, տվել պարզաբանումներ: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթը կբարելավվի:

Եզրափակիչ ելույթներում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու հարակից զեկուցող Դավիթ Առուշանյանն անդրադարձել են պատգամավորների հարցերին: Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ դեկտեմբերի 8-ի հերթական նիստերում: