Տպել
08.12.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող համաձայնագիրը
1 / 2

Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում: Հայաստանի մաքսային ծառայության համար համաձայնագրի կիրառումը կարեւորվում է նաեւ հետբացթողումային հսկողության շրջանակում պարբերաբար իրականացվող հարցումների համատեքստում՝ անհրաժեշտ իրավական հիմքի ապահովման առումով:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Նա նշել է, որ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման վրա:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հույս հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճին եւ առավել անխոչընդոտ գործընթացների իրականացմանը: