Տպել
08.12.2023
Օրենքի նախագծի նպատակն է ապահովել սնանկության վարույթն էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը
1 / 4

Օրենքի նախագծի նպատակն է ապահովել սնանկության վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը՝ սկսած դրա հարուցումից մինչեւ վարույթի ավարտը, ինչպես նաեւ լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ եւ առանցքային հարցեր:

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ դեկտեմբերի 8-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ Էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման համակարգի ստեղծում եւ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում, արդիականացում՝ ռազմավարական նպատակի շրջանակում՝ նախատեսվում է մշակել, ներդնել եւ գործարկել էլեկտրոնային  դատարան, դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի սնանկության գործերով էլեկտրոնային մոդուլը: Այդ առումով պահանջվում է համապատասխան օրենսդրության առկայություն»,- պարզաբանել է հիմնական զեկուցողը: Մասնավորապես, հստակեցվել է նաեւ սնանկության դիմումին կից փաստաթղթերի ցանկը, որը դիմողը պարտավոր է ներկայացնել:

ՀՀ  ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարեւորել է համակարգի թվայնացման հարցը՝ հետաքրքրվելով, թե կոնկրետ գործարարների կյանքում նախագծի ընդունմամբ ինչպիսի բարելավումներ  կլինեն: «Ամբողջ սնանկության գործընթացը տեղափոխվում է թվային դաշտ, եւ մարդկային շփումը հասցվել է նվազագույնի»,- ասել է Արա Մկրտչյանը:

Արա Մկրտչյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ սնանկության դիմում ներկայացնելու պահին պահանջվող ապացույցների, համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաեւ ժամանակավոր կառավարչի համար սահմանվող աշխատավարձերի վերաբերյալ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը, խոսելով թվայնացման ռազմավարության մասին, նշել է, որ խորհրդարանը պետք է հստակ հետեւողական լինի գործընթացին՝ վերահսկողական գործառույթի ներքո: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: