Տպել
08.12.2023
Օրենսդրական փոփոխությունների նպատակը պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարումն է
1 / 3

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի տեղեկացմամբ նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի՝ թանկարժեք քարերի եւ մետաղների համալրման, հաշվառման, օտարման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին պատվիրակելու եւ այդ գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Դեկտեմբերի 8-ին շարունակվող հերթական նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պետական պահուստի՝ բացառությամբ ազգային պահուստի, կառավարման եւ դրանում ներառված գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման գործընթացը սահմանող՝ օրենքի 17-ից 19-րդ մասերը: Գույքի հետագա կառավարումն իրականացվելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է օրենքի 20-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը: Հանձնաժողովն առաջարկել է վերադասավորել փաթեթի հերթականությունը՝ առաջինը դարձնելով ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագիծը: