Տպել
03.08.2006
Հայրենիքի հետ սերտ կապեր ունենալու խնդրով մտահոգ են նաեւ սփյուռքահայ պատանիները

Օգոստոսի 3-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հանդիպեց հուլիսի 31-ից օգոստոսի 9-ը Հայաստանում անցկացվող սկաուտական բանակումի ՀՅԴ պատանեկան կազմակերպության մոտ 100 անդամների հետ:

Խորհրդարանի փոխնախագահը ներկայացրեց Հայաստանի Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված գործառույթները, օրենքի ստեղծման սկզբունքները, Հայաստանի խորհրդարանի աշխատանքի առանձնահատկությունները: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ դառնալով եվրոպական ընտանիքի անդամ, Հայաստանը որդեգրել է նոր սկզբունքներ, որոնք բխում են նաեւ ժողովրդավարության պահանջներից: Իսկ, ժողովրդավարությունն, ըստ Վահան Հովհաննիսյանի, առաջին հերթին մեզ է պետք, եւ ոչ Եվրոպային:

Խոսելով Հայաստան-սփյուռք կապի մասին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ սփյուռքն այսօր բնականորեն միասնական չէ, որովհետեւ սփյուռքի տարբեր հատվածներ տարբեր երկրներում են ապրում, հետեւաբար սփյուռքը միավորող միակ օղակը պետք է Հայաստանը լինի: Նշելով, որ այսօրվա սերունդն է մեր երկրի վաղվա տերը, պարոն Հովհաննիսյանը կարեւորեց դրսում հայ մնալու առաջնահերթ սկզբունքը: «Թույլ մի տվեք, որ Հայաստանն ու Արցախը ձեզ համար լինեն միայն զբոսաշրջության վայրեր»-կոչ արեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Հանդիպման մասնակիցներին հատկապես հետաքրքրում էր երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը, ինչի շուրջ ԱԺ փոխնախագահից նրանք ստացան որոշակի պարզաբանումներ:ՀՅԴ պատանեկան կազմակերպության մի քանի անդամներ հարցեր ուղղեցին խորհրդարանի փոխնախագահին: Դրանք մասնավորապես վերաբերում էին երիտասարդ ընտանիքներին աջակցման` Հայաստանի ծրագրերին, հայրենիք-սփյուռք մշակութային միջոցառումներին, լեզվապահպանության խնդիրներին, հայրենիքի հետ կապն ավելի հաստատուն պահելու խնդիրներին: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը սպառիչ պատասխանեց հնչած բոլոր հարցերին եւ կոչ արեց ավելի հաճախ գալ Հայաստան: