Ազգային ժողովը նոյեմբերի 14-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից անժամանակ հեռացած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հիշատակը: Պատգամավորը նոյեմբերի 6-ին հանկարծամահ էր եղել:
Հաջորդիվ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավորներ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 18 եւ 19 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Հայաստան կուսակցությունների դաշինքի» ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լեւոն Քոչարյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Պարսիլյանին:
ԱԺ կազմը համալրած պատգամավորներն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ԱԺ նիստում երդվել են:
Խորհրդարանը հաստատել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, որից հետո սկսել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:
Որոշ նախագծերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով: Դրանք երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: