Տպել
11.09.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներին
1 / 9

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախագահ Յան Ֆիլիպ Ալբրեխտին, հիմնադրամի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վալտեր Կաուֆմանին եւ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ կարեւորում է Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական համագործակցության զարգացման համատեքստում: Նա ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, ինչպես նաեւ գերմանական տարբեր ինստիտուտների հետ համագործակցությունը:

Հիմնադրամի ներկայացուցիչների խնդրանքով Սարգիս Խանդանյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանագծին եւ Լեռնային Ղարաբաղում: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, ինչպես նաեւ հարեւան պետություններ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերություններին:

Պատասխանելով հիմնադրամի ներկայացուցիչների հարցերին՝ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մանրամասներ Հայաստանում ժողովրդավարության նշանակալի առաջընթացի, տնտեսական աճի վերաբերյալ: