««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակում լաբորատոր փորձարկումների գործընթացը: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել իրավակարգավորում, համաձայն որի՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող կազմակերպությունն ինքն է ընտրում լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշառում եւ համապատասխան փորձաքննություն, իսկ փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը հնարավորություն կունենա իր միջոցների հաշվին պահեստային նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն: Այդ լաբորատորիայի կողմից տրված պատասխանը կհամարվի վերջնական՝ մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը:
Նախագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:
Նախագիծը քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում: