Նախագծով կսահմանվեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, շուկայի վերհսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկություններն ու ձեւերը, շուկայի վերահսկման ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, ինչպես նաեւ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց եւ տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները. այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծի զեկուցման համատեքստում:
Ըստ զեկուցողի՝ նախագծով հստակեցվել են տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ձեւերը, սահմանվել են ՀՀ սահմանադրության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսչական մարմնի կողմից տրվող կարգադրագրերի տեսակները: Հստակեցվել են նաեւ տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունները:
Հարակից զեկույցով հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, ով հայտնել է, որ սույն օրենքը կարգավորում է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավահարաբերությունները:
«Մինչ այս շուկայի վերահսկողության տեսչական մարմինը գործել է առանց մայր օրենքի՝ այլ իրավակարգավորումներով: Նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն», - ասել է պատգամավորն ու խնդրել պատեհ պահի հավանության արժանացնել օրենքի նախագիծը: