Տպել
11.09.2023
Լրացումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում. Գլխավոր դատախազի միջնորդագիրը կքննարկվի նաեւ արտահերթ նստաշրջանում եւ նիստում
1 / 3

Խորհրդարանը սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումները վերաբերում են օրենքի 108-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 110-րդ հոդվածի 2-րդ մասին: Գործող օրենքով Գլխավոր դատախազը պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել միայն Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

«Այսինքն՝ եթե, օրինակ, դեպքը տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, այսինքն՝ հունիսին, իրավապահ մարմինները հնարավորություն չեն ունենա սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտականությունները, քանի որ միջնորդագիրն Ազգային ժողովը կարող է քննարկել միայն սեպտեմբեր ամսին, այսինքն՝ երեք ամիս անց: Առաջարկվող լրացմամբ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել ԱԺ արտահերթ նստաշրջանում կամ նիստում»,- ասել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ նախագծի ընդունմամբ միջնորդագրի քննարկման գործընթացը չի ձգձգվի՝ պայմանավորված միայն կարգավորումներով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը նույնպես դրական էր:

Իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել ելույթ ունեցած ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Նազարյանը՝ առաջարկելով հիմնավորապես քննարկել հարցը: Նախաձեռնության համահեղինակ Արփինե Դավոյանը նշել է, որ նախագիծը քաղաքական նպատակադրումներ եւ ենթատեքստ չունի, ինչպես կարծում են ընդդիմադիր պատգամավորները: Համահեղինակի խոսքով սա փոփոխություն է, որը պետք է տեղի ունենա: Գործընկերների ելույթներին անդրադարձել է նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տվել պարզաբանումներ:

Եզրափակիչ ելույթում Հասմիկ Հակոբյանը եւս անդրադարձել է գործընկերների տեսակետներին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ: