Տպել
04.09.2023
Նախատեսվում է քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր համակարգ ներդնել
1 / 8

Առաջարկվում է քրեակատարողական ծառայողների համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի տեղեկացմամբ գործընթացի շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման եւ հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Օրենքով նախատեսվող կարգավորումներն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման եւ վճարման հնարավորությունն առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանագրման դեպքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

Ատեստավորման արդյունքներով երեք տարվա ընթացքում (օրենքն ուժի մեջ մտնելուց հետո) հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելն ամրագրվում է որպես ծառայությունից ազատման հիմք:

Հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է ոլորտում աշխատավարձերի չափով, ինչին ի պատասխան՝ Լեւոն Բալյանը հայտնել է, որ միջին աշխատավարձի չափը համակարգում կազմում է 220-230 հազար դրամ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:


21.07.2024
Ոլորտային հարցերի լուծմանը նպաստել է օրենսդիր-գործադիր համատեղ աշխատանքը. Նարեկ Զեյնալյանն անցած նստաշրջանի մասին
Առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում ու անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ: Վերը նշվածն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման շրջանակն է: Ոլորտային հարցերի լուծմանը նպաստել է օրենսդիր...