Տպել
11.07.2023
Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
1 / 12

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 11-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Ըստ նրա` առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել:

Առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները. դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջը սահմանել ընդհանուր պահանջ` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղադրված այն` պետական նշանակության շենքի վրա, թե` այլ վայրում: Հստակեցվում է պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. պահանջները խախտելու համար իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կտուգանվեն 30-50 հազար, իսկ պաշտոնատար անձինք` 70-100 հազար դրամի չափով: Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը Վարչական դատարանի փոխարեն վերապահվելու է Ոստիկանությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ներկայացնելով «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխությունները, նշել է, որ դրանք վերաբերում են ինչպես տեխնիկական սխալների շտկմանը, այնպես էլ ժամանակի ընթացքում առաջացած նոր իրավահարաբերությունների կարգավորմանը: Զեկուցողի խոսքով կարեւորագույն փոփոխություններն առնչվում են նոտարի նշանակման դրույթներին:

Առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորները չեն ներկայացրել որեւէ առաջարկ:

Նիստում պատգամավոր Արփինե Դավոյանը բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ իր բանավոր առաջարկները, որոնք ընդունելի է համարել հիմնական զեկուցողը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումները եւս ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նրա խոսքով նախագծով առաջարկվում է լրացնել օրենսգրքի 81-րդ հոդվածը. եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ չեն ներկայացվել առաջարկներ:

Նիստում քննարկվել է նաեւ պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ալխաս Ղազարյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը լրամշակվել է Կառավարության տեխնիկական առաջարկների հիման վրա: