Տպել
11.07.2023
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում
1 / 4

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները, այդ թվում` երթուղու սպասարկումն իրականացնելու համար փոխադրավարձի վերանայման պայմանները: Մարզերի միասնական երթուղային ցանցերի գործարկումից հետո անհրաժեշտություն է առաջանում վերանայել մրցույթով ներկայացված երթուղների ուղեգծերը` հաշվի առնելով փաստացի ուղեւորահոսքը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` քննարկման ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ զեկուցողի` գործող օրենքով մրցույթային եղանակով կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումից հետո երթուղիների փոփոխության դեպքում փոխադրավարձի սահմանման կարգավորումներ առկա չեն: Նախագծով առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության կամ նոր երթուղիների հաստատման դեպքում նախատեսել փոխադրավարձի սահմանման պահանջներ:

«Փոխադրավարձի հաստատման եւ վերանայման իրավասությունը վերապահվում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնին: Փոխադրավարձի վերանայման պահանջների հաստատումը վերապահվում է ՀՀ կառավարությանը»,- ընդգծել է Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարի խոսքով վերանայվում են նաեւ բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները սպասարկող հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակին ներկայացվող պահանջները:

Արմեն Սիմոնյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Փոխնախարարը նշել է, որ վերոնշյալ վերջին փոփոխությունը պայմանավորված է համայնքների խոշորացմամբ:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվել է համայնքներում կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ: Ի պատասխան` Արմեն Սիմոնյանը նշել է, որ նախարարի հրամանով ամրագրվել է մրցույթների անցկացման ժամանակացույց:

Զեկուցողն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների հնչեցրած առաջարկների հիման վրա կհստակեցվեն որոշ ձեւակերպումներ:

Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում: