Տպել
06.06.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 2022 թ. պետական բյուջեի կատարողականը կազմել է 85 տոկոս
1 / 3

Շրջակա միջավայրի նախարարության 85 տոկոս կատարողականը պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ, ինչն էլ հետեւանք է քովիդի եւ պատերազմական շրջանի բարդությունների: Նախարարության կատարողականն առանց դրամաշնորհային ծրագրերի փաստացի կազմել է 97.8 տոկոս:

Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 6-ի համատեղ նիստում ներկայացնելով իր գլխավորած կառույցի` 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների եւ բյուջետային ծրագրերի կատարողականի հաշվետվությունը:

Ըստ նրա` նախարարության ապարատի եւ ԾԻԳ-ի ընթացիկ ծախսերի բյուջեն կազմել է 1 միլիարդ 80 միլիոն դրամ: Համակարգում 9 ՊՈԱԿ-ներին ծրագրով 2 միլիարդ 900 միլիոն դրամ է հատկացվել, բնության հատուկ պահպանվող տարածքների 936 ՊՈԱԿ-ներին հատկացվել է 932 միլիոն դրամ: Գերմանական ՍԻԷՆԷՖ կազմակերպության հետ պայմանագրի շրջանակում ՊՈԱԿ-ներին եւս 382 միլիոն դրամ է տրամադրվել, «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 1.6 միլիարդ դրամ գումար:

Անդրադառնալով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ընթացիկ ծախսերին` նախարարը նշել է, որ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում ծրագրով հատկացվել է 10 միլիոն դրամ:

Նշվել է, որ սիգ ձկնատեսակի ավելացում է արձանագրվել: Ի տարբերություն 2021 թվականի` 2022 թվականին 600 տոննա քվոտա է սահմանվել, որն ամբողջությամբ իրացվել է` արդյունքում 36.7 միլիոն բնօգտագործման վճար է ստացվել: Շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել քվոտայի շրջանակում:

Ըստ նախարարի` 2022, ինչպես նաեւ 2023 թվականին արգելվել է Սեւանից ձկնկիթի արտահանումը, որը շարունակական է լինելու:

Սեւանի ջրային տարածքի անտառամաքրման աշխատանքների շրջանակում նախատեսված է եղել 118 միլիոն դրամ, վերաբաշխման արդյունքում 48.8 միլիոն դրամն ուղղվել է նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը: Վերահաշվարկով` 2023 թվականին 400 հա ափամերձ տարածք կմաքրվի: 
 
Շուրջ 300 միլիոն դրամ կտրամադրվի Սեւանի իշխանի ծրագրի շարունակման համար: Նշվել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի հետ համատեղ աշխատանքներ են ընթանում Սեւանի իշխանի վերականգնման ծրագրի շարունակման վերաբերյալ:

Անտառների կառավարում ծրագրով հատկացվել է 2.1 միլիարդ դրամ:

Հակոբ Սիմիդյանը մանրամասն ներկայացրել է նաեւ նախատեսված այլ միջոցառումների թվային տվյալներն ու կատարողականները:

Նախարարը պատասխանել է հանձնաժողովականների` ոլորտին առնչվող հարցերին:

«Քվոտայի ներդրման հիմնական նպատակը ձկնորսությունն օրինական դաշտ բերելն է»,- ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` պատասխանելով համատեղ նիստը վարող` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի` քվոտայի վերաբերյալ հարցին:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...