Տպել
06.06.2023
Նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ օրենսդրությունների մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը
1 / 10

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումները:

Կառավարության հեղինակած նախագիծը պատգամավորները քննարկել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վալդիմիր Վարդանյանը:

Զեկուցողի խոսքով մոտարկման գործընթացը ենթադրում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում` ըստ անհրաժեշտության դրանք համապատասխանեցնելով համաձայնագրով նախատեսված ԵՄ օրենսդրությանը: Նշվել է, որ ԵՄ-ի հետ նման համաձայնագրեր կնքած երկրներում` Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում արդեն ներդրվել են համապատասխան մեխանիզմներ, որոնցով ստուգվում է օրենսդրության մոտարկման համապատասխանությունը:

Ըստ Արա Մկրտչյանի` ԵՄ փորձագետների հետ կայացած քննարկումների եւ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաեւ նրանց տրամադրած ուղեցույցներով նշվել է, որ մշակված իրավական ակտի նախագիծը պետք է ներկայացվի լիազոր մարմնին` փորձաքննության եւ վերջինիս կողմից տրվի պաշտոնական փաստաթուղթ, որում կնշվի, թե արդյոք մշակված իրավական ակտը համապատասխանո՞ւմ է ԵՄ օրենսդրությանը, թե` ոչ:

«Վերոնշյալ երկրների փորձը եւ մատնանշված ուղեցույցները ցույց են տալիս, որ պետք է նախատեսվի ազգային լիազոր մարմին` օժտված համապատասխան իրավասություններով»,- ընդգծել է փոխնախարարը:

Վերոնշյալ գործընթացն ապահովելու համար նախագծով սահմանվել է «օրենսդրության մոտարկում» հասկացությունը: Նախատեսվել է, որ մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացվելու է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` պետական իրավական փորձաքննության կատարման շրջանակում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է նախաձեռնության ընդունումը: Նրա խոսքով այն միտված է առավել համակարգված դարձնելու մոտարկման գործընթացը:

Պատգամավորի դիտարկմամբ մոտարկման գործընթացի արդյունքում հնարավոր կլինի վերհանել նաեւ ներքին հակասությունները եւ ունենալ այնպիսի կանոնակարգումներ, որոնք թույլ կտան առավել արդյունավետ եղանակով կատարել համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորությունները:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...