Տպել
25.05.2023
ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Խորհրդարանը մայիսի 25-ի հերթական նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նախագծի հիմնական նպատակն է բարելավել ընթացակարգերը եւ վարչարարությունը հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար մինչեւ իրենց ուսման ավարտը՝ անընդհատ կրթություն ապահովելու տրամաբանությամբ, իսկ հատուկ ընթացակարգով քննարկելը նպատակ ունի բարելաված ընթացակարգերը կիրառել ամառային զորակոչի ժամանակ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են որոշակի տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի նախագծի 14-րդ հոդվածն առաջարկվել է շարադրել հետեւյալ փոփոխությամբ. «Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով»: Ըստ հաջորդ փոփոխության՝ «սույն օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից»:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություններ: