Տպել
25.05.2023
ԱԺ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը
1 / 4

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահագն Թորոսյանի , Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալներն ու աշխատանքային անցած ուղիները:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Վահագն Թորոսյանն իրավագիտության թեկնածու է, ներկայումս Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Իր ելույթում թեկնածուն կարեւորել է այն հանգամանքը, որ մեր երկրի քաղաքական իշխանությունը վերջին հինգ տարում ընթանում է դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների ճանապարհով:

Նա արդարադատության իրականացման գործում բարձր է գնահատել Վճառաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դերն ու նշանակությունը: Ըստ Վահագն Թորոսյանի` Քաղաքացիական պալատն իր առջեւ պետք է որպես պահանջ դնի արդարադատության արդյունավետության բարձրացումը:

Թեկնածուն կարեւորել է նաեւ օրինականության սկզբունքի իրականացումը դատաիրավական համակարգում եւ դատաքննության գործընթացում:

Վահագն Թորոսյանն ընդգծել է հասարակության իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը: Դատարանների բեռնաթափման համար առաջարկել է ներդնել էլեկտրոնային ծանուցման համակարգ: Կարեւորվել է դատարանների աշխատանքի լուսաբանումը:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի հաջորդ թեկնածու Լիլիթ Խաչատրյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ունի իրավաբանի 30 տարվա աշխատանքային փորձ: Նա նույնպես Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Թեկնածուն, խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխումներից, կարեւորել է դատարանների բեռնաթափումը, ինչի համար, ըստ նրա` անհրաժեշտ են գործուն քայլեր: Առաջարկվել է համալրել դատավորների թիվը, ինչպես նաեւ մի շարք վեճեր լուծել արտադատարանական կարգով:

Թեկնածուն դատաիրավական համակարգի բարելավման գործում կարեւորել է օրենսդիր, գործադիր մարմինների եւ դատական իշխանության համագործակցությունը: Նա ընդգծել է կանխատեսելի արդարադատություն ունենալու անհրաժեշտությունը: Ըստ նրա` իրավունքի գերակայությունը պետք է դրվի դատական ակտերի կայացման հիմքում:

Լիլիթ Խաչատրյանն ընտրվելու դեպքում պատրաստակամություն է հայտնել իր բազմամյա փորձն ու գիտելիքները ներդնել դատաիրավական համակարգի զարգացման գործում:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Անի Մխիթարյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտական ֆակուլտետը, ունի 21 տարվա իրավաբանի եւ 17 տարվա դատավորի աշխատանքային փորձառություն:

Դատաիրավական համակարգի բարեփոխման գործում նա շեշտադրել է Վճռաբեկ դատարանի դերն ու նշանակությունը, պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը: Իսկ դատաիրավական համակարգի զարգացման գործում կարեւորվել է օրենքների միատեսակ կիրառությունը, ինչն ըստ նրա` ունի կենսական նշանակություն: Շեշտվել է նաեւ օրենքի գերակայության անհրաժեշտությունը: Անդրադառնալով դատարանների բեռնաթափման խնդրին` նա կարեւորել է համակարգում էլեկտրոնային արդարադատության ներդրումը:

Թեկնածուն նշել է նաեւ, որ Վճռաբեկ դատարանի գործունեությունը պետք է լինի նպատակային եւ արդյունավետ: Լիլիթ Խաչատրյանը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները կներդնի դատական իշխանությանը ծառայելու գործում:

Հարցը քննարկվել է Ազգային ժողովի` մայիսի 25-ի հերթական նիստում: