Տպել
25.05.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին
1 / 10

««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տալ ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, ինչը պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող եւ իրենց պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ:

Հիմնական զեկուցող, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է տեխնիկական եւ խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարեւորել է նախագծի ընդունումը եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դեմ է արտահայտվել նախագծին: Ըստ նրա՝ մեղադրական կողմն ավելի լավ է վարձատրվում, քան արդարադատություն իրականացնողները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացումը, ինչը նպատակ ունի լուծելու արդարադատություն իրականացնողների սոցիալական խնդիրները: «Արդարադատությունն իրականացնելիս դատավորը եւ արդարադատության իրականացմանն օժանդակող  այլ սուբյեկտները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Քննարկման արդյունքում օրենքի լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 25-ի արտահերթ նիստում: