Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական փոփոխություններ. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մայիսի 16-ի նիստում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է, որ կատարվել են նախորդ քննարկման ժամանակ առաջարկված տեխնիկական փոփոխությունները, որոնցով առաջարկվում է օրենքի նախագծի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետություն» բառերը, «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «եւ այլ միջազգային կառույցների» բառերով: Կատարվել են նաեւ մի քանի խմբագրական փոփոխություններ:
Առաջարկվում է նաեւ 4-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ. «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում»:
Նշենք, որ օրենքում նախատեսվող փոփոխություններից մեկով առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաեւ ՀՀ փոխվարչապետների հրավերով մեր երկիր ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները:
ԱԺ պատգամավոր, հարակից զեկուցող Լենա Նազարյանն առաջարկել է նախագիծը քվեարկության դնել արդեն ընդունված փոփոխություններով:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: