Տպել
27.04.2023
Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 27-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում:

«Շնորհակալություն, հարգելի' նախագահող,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կատրուգալոսին այս հիանալի զեկույցի համար, որը մանրամասն ներկայացնում է մի կողմից ազգային սահմանադրական դատարանների, մյուս կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ԵՄ արդարադատության դատարանի դերերը եւ փոխհարաբերությունները:

Բազմաստիճան սահմանադրականության այս դարաշրջանում մենք իսկապես պետք է մեխանիզմներ գտնենք օրենսդրությունների առավել համապատասխանեցման եւ երկխոսությունը խրախուսելու համար:

Այս համատեքստում 16-րդ արձանագրությունը շատ օգտակար գործիք է: Իսկ Հայաստանն այն 19 երկրներից մեկն է, որը վավերացրել է արձանագրությունը, եւ մինչ այժմ պահանջված յոթ խորհրդատվական կարծիքներից երկուսը Հայաստանից են? Սահմանադրական դատարանից եւ Վճռաբեկ դատարանից:

Այժմ, նույնիսկ նախքան ներպետական եւ վերպետական օրենսդրությունների համապատասխանեցման կամ արձանագրությունները վավերացնելու մասին խոսելը պետք է ասել, որ հենց Մարդու իրավունքների կոնվենցիան վավերացվել է բոլոր անդամ պետությունների կողմից` պարտավորեցնելով բոլոր անդամներին ենթարկվել ՄԻԵԴ-ի վճիռներին:

Ուզում եմ օրինակ բերել Գրանատա Մենգինիին, որ «կարեւոր է տարբերակել իրավական անհնարինությունն ու ցանկության բացակայությունը»: Իմ խորին համոզմամբ, շատ դեպքերում, երբ մենք խոսում ենք միջազգային դատարանների վճիռների չկատարման մասին, մենք ավելի շատ խոսում ենք քաղաքական կամքի բացակայության, այլ ոչ թե իրավական խնդիրների մասին:

ՄԻԵԴ-ի որոշումը, որի վրա ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը, կայացվել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին: Դա միջանկյալ միջոց է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը կապված է «Լաչինի միջանցքի» արգելափակման հետ, որով ԼՂ-ի հայ ժողովուրդը ստանում է կենսական նշանակության ծառայություններ, ներառյալ բժշկական օգնություն, սնունդ, ինչպես նաեւ Հայաստանից այլ անհրաժեշտ պարագաներ: Հաշվի առնելով, թե այդ ժամանակ Ադրբեջանը, որքան ազդեցություն ուներ Լաչինի միջանցքի իրավիճակի վրա, եւ համահունչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածով նախատեսված Ադրբեջանի ստանձնած պարտավորությանը ` «երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների երկկողմանի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով»: Դատարանը որոշել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որոնք գտնվում են իրենց իրավասության դաշտում` ապահովելու «Լաչինի միջանցքով» անվտանգ անցումը Հայաստան, բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդների եւ այլ անձանց, որոնք մնացել են ճանապարհին առանց կացարանի եւ ապրուստի միջոցների:

Դատարանի վճիռը չկատարելով, այն ժամանակ ադրբեջանցի գործընկերները, ի թիվս այլ հարթակների` հենց այս կառույցում հրաժարվում էին միջանցքի շրջափակման փաստից, ինչպես նաեւ, այսպես կոչված, «էկոակտիվիստների» հետ Ադրբեջանի իշխանությունների կապից, որոնք փակել են ճանապարհը:

Այս կիրակի, փաստացի, Ադրբեջանն ուղղակի աշխատանքներ է սկսել միջանցքի սկզբում անցակետի տեղադրման ուղղությամբ, ինչն ուղղակի եւ կոպտորեն խախտում է նաեւ Ադրբեջանի կողմից ստորագրված հայտարարությունը, որում միանշանակ ասվում է, որ միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների հսկողության տակ, եւ դրա երկայնքով տեղաշարժը երկու ուղիներով պետք է երաշխավորված լինեն Ադրբեջանի կողմից:

Ես վստահ չեմ, որ անգամ անցակետի տեղադրման մասին իշխանությունների պաշտոնական հայտարարությունից հետո Բաքուն կընդունի սխալը: Եվ հենց այդ պատճառով ես ուզում եմ կրկնել այն, ինչ երեկ արդեն հայտարարել է տիկին քարտուղարը. մուտքը պետք է հասանելի եւ երաշխավորված լինի, որպեսզի հնարավոր լինի միջազգային դիտարկումը տեղում, տարածքում` օբյեկտիվ եւ առանց նախապաշարումների:

Եվ վերջում, ես ուզում եմ բոլորին խնդրել, որ մտածենք` ի՞նչ ուղերձ է մտադիր Ադրբեջանն ուղարկել մեզ բոլորիս: Ո'չ ԼՂ-ում ապրող 120.000 մարդկանց: Այդ ուղերձը, ցավոք, պարզ է...

Ո՞րն է Ադրբեջանի ուղերձը մնացած աշխարհի համար: Ես կարծում եմ դա հետեւյալն է. Հարգելի' աշխարհ, քանի դեռ բոլորը զբաղված են Ուկրաինայի պատերազմով, ես կօգտվեմ դրանից` հասնելու իմ նպատակներին բռնի ուժով` խախտելով միջազգային իրավունքը: Եվ ես կշարունակեմ այդպես վարվել այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ մեկը ինձ չի կանգնեցրել:

Այսպիսով, մեզ մնում է որոշել, արդյոք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ հանդուրժել դա, թե՞ վերջապես կհավաքենք մեր ուժերը` պաշտպանելու մարդու իրավունքները, եւ մեծ հաշվով, ժողովրդավարությունը բռնապետությունից»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը: