Տպել
27.04.2023
Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին. Սեյրան Օհանյան
1 / 4

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ:

Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության եւ Արցախի նկատմամբ:

«Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,-ասել է խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները եւ սեղմում Արցախի շուրջ օղակը:

Նշվել է, որ արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում ընդդիմադիր խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը:

Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Շեշտվել է նաեւ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

Սեյրան Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների եւ Արցախի պաշտպանության բանակի համագործակցության զարգացման կարեւորությունը: 
 
Խմբակցության ղեկավարը կարեւորել է նաեւ հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում:

Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական կապերի ընդլայնումը, նաեւ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումները էական նշանակություն ունեն: Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ այլընտրանքային տեսակետների:

Աղվան Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը ներկայացրել են մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը: