Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի եւ հաստիքների թվով պայմանավորված, մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով` առաջարկվում է հստակեցնել նաեւ պարտադիր վերապատրաստման` հինգ տարին մեկ լինելու հանգամանքը:
Իրականացված վերլուծության համաձայն համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների շուրջ 65 տոկոսը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, ինչը չի բխում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից եւ անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում: Գործող օրենքով պարտադիր պահանջ էր վերապատրաստումն ու դրանից հետո նոր միայն հավաստագրումը. առաջարկվել է հանել վերապատրաստման պահանջը:
Ըստ առաջարկվող փոփոխության` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարները կկարողանան մինչեւ 2024 հունիսի 1-ն առանց հավաստագրի պաշտոնավարել:
Զարգացման կենտրոնների եւ նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացի ժամկետն առաջարկվել է երկարաձգել մինչեւ 2023 դեկտեմբերի 10-ը:
Հարակից զեկուցող Նարեկ Բաբայանի խոսքով ներառական կրթության մասով նախադպրոցական կրթության ոլորտում անելիքներ դեռեւս շատ կան մինչեւ 2030 թվականն ընդունված ռազմավարության թիրախներին հասնելու համար:
Արաքսիա Սվաջյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով խնամքի կենտրոնների լիցենզավորման, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնավարմանը վերաբերող խնդիրներին:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: