Ազգային ժողովում ապրիլի 14-ին եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդիպել է իր հայրենակից ուսանողների հետ:
Պատգամավորը կարեւորել է եզդի երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքի ամենատարբեր հարցերում ու հիմնախնդիրներում` նշելով, որ երիտասարդությունն է ազգային ինքնության պահպանման, դրա հարատեւության երաշխավորը եւ որ եզդի երիտասարդների ձայնը մշտապես լսելի պիտի լինի:
Եզդի երիտասարդները խոսել են ամենատարբեր հարցերից` կրթականից մինչեւ մշակութային` կարեւորելով գիտության, կրթության ու մշակույթի դերը սեփական ինքնության ու ազգային նկարագրի պահպանման համատեքստում: Բարձրաձայնվել են նաեւ առկա խնդիրները, որոնց հանգուցալուծման եւ կարգավորման վերաբերյալ ուսանողներն ունեին սեփական պատկերացումները:
Ռուստամ Բաքոյանը նշել է, որ նմանատիպ քննարկումներն ունենալու են շարունակական բնույթ, քանի դեռ կան համայնքը ներկայացնող երիտասարդներին մտահոգող խնդիրներ:
«Հանդիպումներն ու քննարկումները շարունակվելու են, որպեսզի համատեղ ջանքերով ու միասնական աշխատանքով հասնենք դրանց բարեհաջող հանգուցալուծմանը»,- հանդիպման ավարտին նշել է եզդիական համայնքը ներկայացնող պատգամավորը: