««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին «Փոստային կապի մասին» օրենքի համապատասխանեցման անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` հարցն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում:
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Փոստային կապի մասին» օրենքում առկա մի շարք հասկացություններ` դրանք համապատասխանեցնելով Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին:
Հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրմամբ են սահմանվել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, դրանց մատուցման որակի չափանիշները, լիազորող նորմեր են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար:
Ըստ փոխնախարարի` առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագնի վերանայման (վերահաստատման կամ փոփոխման) հայտի ուսումնասիրման եւ որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով, մասնավորապես, 90-օրյա ժամկետն առաջարկվում է փոխարինել 80 աշխատանքային օրով` ելնելով հանրային ծառայությունների կարգավորման մյուս ոլորտներում նույնական (ոչ տարբերակված) մոտեցում սահմանելու անհրաժեշտությունից:
Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում, փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշների սահմանում, հաշվետվությունների մեխանիզմների ներդրում, փոստային ծառայությունների, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների եւ փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնների սահմանում, որոնք սոցիալական առումով դրական ազդեցություն կունենան բնակչության համար:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: