Տպել
24.03.2023
Աշխատանքային քննարկում ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 8

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ հանձնաժողովի անդամներ Մարիամ  Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը եւ Աղվան Վարդանյանը մարտի 24-ին  հանդիպել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային քննարկման հիմքում նախորդ շաբաթ ԱԺ նիստում քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքի նախագիծն էր, որի շրջանակում առաջացել են որոշ հարցեր, որոնք բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքով կարգավորումների կարիք ունեն: Նրանց կարծիքով ընդունված տարբերակը թերկարգավորումները կանոնակարգելու անհրաժեշտություն ունի կամ դրանք այնպիսին են, որ հետագայում գործնական կիրառության ընթացքում  կարող են խնդրահարույց լինել գործատու-աշխատող հարաբերությունների ճկունության համար՝ Աշխատանքային օրենսգրքում կենսաթոշակային տարիքի հիմքով պայմանագիրը լուծելու արգելք սահմանելուն: Սա գործատուին միաժամանակ հնարավորություն եւ ազատություն  է տալիս գնահատելու կենսաթոշակային տարիքի հասած աշխատողի գործնական հատկանիշներն ու մասնագիտական որակները  եւ ըստ այդմ՝ շարունակելու նրա հետ աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաեւ գնահատելու նրա կարողությունները, ինչը նշանակում է, որ աշխատողին տրվում է հնարավորություն դրսեւորվելու այնքան, որքան նա կարող է:

Բիզնես ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները, մասնավորապես, վերաբերում էին նրան, որ նման կարգավորման պարագայում  գործատուի համար ավելի կդժվարանա գնահատման որեւէ չափորոշիչներ սահմանելը եւ աշխատողներին ատեստավորման ենթարկելը:  Նրանք առաջարկում են սահմանել ցանկ, որում  կենսաթոշակային տարիքը լրացած անձինք չընդգրկվեն, հաշվի առնելով այդ աշխատանքների վտանգները եւ ռիսկերը՝ սահմանել որոշակի պայմանագրով   աշխատելու հնարավորություն կամ վերանայել աշխատաժամանակը:  Առաջարկվել է նաեւ կարգավորումներ անել հանգստյան օրերին աշխատելու վերաբերյալ՝ աշխատանքային ժամերի կարգավորմամբ եւ վարձատրությամբ պայմանավորված:

Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ առաջարկները կքննարկեն գործադիրի գործընկերների հետ: Նրա խոսքով եթե առաջինից երկրորդ ընթերցում գտնվեն համապատասխան լուծումներ, դրանք կիրացվեն երկրորդ ընթերցման ռեժիմում, եթե ավելի խորքային կարգավորումներ ենթադրվեն, գուցե այդ փոփոխություններին անդրադարձ կկատարվի հետագայում: