Տպել
22.03.2023
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը
1 / 20

Ազգային ժողովը մարտի 22-ի նիստում քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հարցը քննարկվել է առանց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության:

Նախաձեռնությունը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով նախագիծը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, ինչպես նաեւ հարցի վերաբերյալ մամուլում ներկայացված այլ հրապարակումները եւ բացատրությունները:

Ըստ զեկուցողի՝ որոշ իրավակարգավորումների համաձայն՝ ՍԴ դատավորը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի: «Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր եւ լինելով անհատ ձեռնարկատեր, պահպանել է իր այս կարգավիճակը մինչեւ 2023 թվականի հունվարի 27-ը»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ օրենքի համաձայն՝ ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ այդ կարգավիճակը՝ դուրս գար պետական հաշվառումից, ինչպես դա սահմանված է պատգամավորի դեպքում:

Ներկայացնելով որոշ մանրամասներ՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ Սեդա Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցվեր մինչեւ հունվարի 16-ը ներառյալ, մինչդեռ, ըստ փաստերի, վերջինս այդ կարգավիճակը դադարեցրել է հունվարի 27-ին:

Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ հարցը բավականին երկար քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացվել են փաստեր Սեդա Սաֆարյանի ձեռնարկատիրական գործունեության դադարեցման վերաբերյալ, սակայն դրանք անհամատեղելի են անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի դադարեցման ժամկետի հետ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ ներկայացրել հանձնաժողովի եզրակացությունը: Նշվել է, որ սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելն անհեթեթ է, քանի որ այդ տրամաբանությամբ անձը, դեռ չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները կամ անձը, դեռ չլինելով պատգամավոր, կարող է խախտել պատգամավորի անհամատեղելիության պահանջները: «Այս դեպքում «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությունը չենք կարող ընդունել որպես հիմք»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորը խոսել է նաեւ մյուս երկու ժամկետների ու դրանց խախտման հավանականության մասին եւ նշել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնյան իր պաշտոնը ստանձնում է ԱԺ-ում տրված երդմամբ: «Եթե սեպտեմբերի 15-ին Սեդա Սաֆարյանին երդում տալու հնարավորություն տրվեր, ապա կստացվեր, որ այդ օրն է ստանձնում պաշտոնը, եւ մենք ՍԴ-ում կունենայինք ոչ թե 9, այլ 11 դատավոր՝ հաշվի առնելով, որ Սեդա Սաֆարյանից բացի այդ օրը քննարկվում էր նաեւ այլ դատավորի ընտրության հարցը»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:

Անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասով էլ ներկայացնելով եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ դատավորի լիազորությունները ստանձնելու օրը կամ լիազորությունների ստանձնման օրը դեկտեմբերի 10-ն ընդունելու դեպքում լիազորությունների ստանձնումից հետո 6-րդ օրը, այսինքն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Սեդա Սաֆարյանը պետությանը՝ հանձին ՊԵԿ-ի ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր եւ հարկ վճարող իր գործունեությունն անորոշ ժամկետով դադարեցնելու մասին:

«Նման պայմաններում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ չենք կարող խոսել դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների առնվազն բովանդակային խախտման մասին, եւ եթե կա խախտում, ապա տեխնիկական է: Նման հանգամանքների պարագայում տեղին չէ կիրառել այնպիսի գործիք, ինչպիսին է ԱԺ-ի կողմից դատավորի լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան դիմելը»,- եզրափակել է Արուսյակ Ջուլհակյանը:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Ըստ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ թիրախավորվել է երկու ուղղություն՝ պետական պաշտոնյաներին իրենց վարկային միջոցներով ձեռք բերված գույքը վերագրել որպես հարյուր հազարավոր դոլարների ունեցվածք, ինչը սին է, իրականությունից կտրված: Երկրորդը՝ տարիներով Հայաստանի պետական բյուջեի հաշվին հարստացած եւ բազմաթիվ գույքեր ձեռք բերած թալանչի պաշտոնյաների հետ փորձ է արվում զուգահեռներ տանել, ինչպես նաեւ թիրախավորել դատաիրավական համակարգը: ԱԺ փոխնախագահի խոսքով գալու է ժամը, վերադարձվելու են ՀՀ-ից, բանակից թալանված միջոցները:

Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանի խոսքով պատերազմից մինչեւ Սահմանադրական դատարանի զավթում պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Ագնեսա Խամոյանը խոսել է հարցի վերաբերյալ իշխող քաղաքական ուժի պատգամավորների ներկայացրած փաստարկների մասին: Պատգամավորի խոսքով իշխող ուժի հարցադրումները փաստում են, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել խախտում, սակայն այն պետք է որոշի ՍԴ-ն: Անդրանիկ Քոչարյանի խոսքով խնդիրը ոչ թե խախտումներն են, այլեւ Սեդա Սաֆարյանի գործունեությունը, որը մտահոգում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը նշել է, որ ներկայացված հարցն իրավունքի խնդիր է եւ ոչ թե անձի: Վիլեն Գաբրիելյանը նկատել է, որ հարցը ոչ թե իրավունքի դաշտում է, այլ առնչվում է ՀՀ օրենսդրության անկատարությանը: Լիլիթ Գալստյանի խոսքով խնդիրը ոչ այնքան Սեդա Սաֆարյանի մասին է, այլ՝ Ազգային ժողովի եւ քաղաքական մեծամասնության: Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն պետք է որոշի, թե օրենքի որ պահանջներն են խախտվել եւ որքան է իրավական ու բարոյական Սեդա Սաֆարյանի գործունեությունը՝ որպես ՍԴ անդամ: Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ պետական պաշտոնյան չպետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ: Պատգամավորն ընդդիմության գործընկերներին հիշեցրել է, որ վերջիններիս իշխանության օրոք եղել են անձինք, որոնք իրենց մանդատն օգտագործել են՝ իրենց բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Ընդդիմադիր Արմենուհի Կյուրեղյանի գնահատմամբ ՍԴ անդամի թույլ տված խախտումներն իշխանության ներկայացուցիչները փորձ են անում գնահատել անփութություն, մոռացություն, տեխնիկական վրիպում: Ըստ նրա՝ մինչդեռ խորհրդարանը չպետք է տա այդ գնահատականը, այլ Սահմանադրական դատարանը: Այս վրիպակը չի կարող փոխել մեր կարծիքը Սեդա Սաֆարյան դատավորի, անձի, նրա քաղաքացիական կեցվածքի նկատմամբ. նման կարծիք է հայտնել Սերգեյ Բագրատյանը: Ընդդիմադիր Գեղամ Նազարյանը հորդորել է միանալ իրենց նախաձեռնությանը, քանի որ ՍԴ-ին առաջարկվում է այս հարցին գնահատական տալ: Նրա խոսքով իրենք որեւէ անձի թիրախավորելու մտադրություն չունեն: Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ ՍԴ դատավորի նկատմամբ տեղի ունեցողն այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը: «Պահանջում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունների այն պատգամավորները, որոնք անցնում են «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով, հայտնեն շահերի բախման մասին եւ չմասնակցեն համապատասխան քվեարկությանը»,- հայտարարել է պատգամավորը: Արփինե Դավոյանն էլ անդրադարձել է երեկ հայտարարությունների ժամին ընդդիմադիր որոշ պատգամավորների ելույթներում հնչած տեսակետներին: Վիգեն Խաչատրյանը խոսել է ընդդիմության եւ իշխանության գործելաոճի, ըստ այդմ՝ ունեցած վարկանիշի մասին: «Դուք այս քայլով հերթական անգամ ձեր վարկանիշն իջեցնում եք, մերը՝ բարձրացնում»,- եզրափակել է պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Սեյրան Օհանյանը եւ նշել, որ իշխանության վարքագիծն ուղղված է ներկայացված հարցի սահմանադրական դատաքննությանը խոչընդոտելուն: Խմբակցության ղեկավարը հավելել է, որ իրենք չեն դատում կամ դատապարտում Սեդա Սաֆարյանին, այլ առաջարկում են խնդիրը դարձնել ՍԴ քննության առարկա: ««Հայաստան» դաշինքը կոչ է անում կողմ քվեարկել, եւ ՍԴ-ն թող գնահատական տա իր աշխատողին՝ խախտում եղե՞լ է, թե՝ ոչ»,-ընդգծել է նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հարցի քվեարկությանը, քանի որ հնչած մեղադրանքները լեգիտիմ չի համարում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրել է, որ Սեդա Սաֆարյանը պետությանը պատշաճ իրազեկել է, որ դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով, հետեւաբար, էական խախտում չկա:

Եզրափակիչ ելույթում Արուսյակ Ջուլհակյանը եւ Արծվիկ Մինասյանը պատասխանել են պատգամավորների հարցադրումներին:

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ տեղի ունեցող քննարկումը զգոնության կոչ է բոլոր պաշտոնյաներին՝ լինել ուշադիր եւ պահպանել օրենքի տառացի մեկնաբանությունները:

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել փաստաբաններ Արսեն Բաբայանին եւ Սոս Հակոբյանին՝ մասնագիտական վերլուծություն տրամադրելու համար: «Հստակ արձանագրվեց մեկ բան եւ դահլիճում էլ դա հաստատվեց՝ բոլորն ընդունում են խախտման փաստի առկայությունը»,- նշել է «Հայաստան» խմբակցության քարտուղարը: Նրա խոսքով նախաձեռնության ներկայացման նպատակն է ապահովել երկրում օրինականության հաստատումը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 30 պատգամավոր: Որոշումը չի ընդունվել: