Տպել
17.03.2023
Հաշվետու տարին դինամիկ էր Հայաստան-ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների տեսանկյունից. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
1 / 7

2022 թվականը դինամիկ տարի էր Հայաստան-ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: 2022 թվականի հոկտեմբերի 21-ին երկու ամիս ժամկետով Հայաստանում տեղակայվեց ԵՄ  քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը, որը հետագայում վերափոխվեց ավելի երկարաժամկետ ձեւաչափի: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` մարտի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Նրա խոսքով այդ որոշումը նպաստել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը, ինչպես նաեւ` ԵՄ եւ անդամ երկրների` իրավիճակին տեղեկացմանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին:  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել, կայացել են մաքսային հարցերով ենթակոմիտեի, ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի, ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի, աշխարհագրական նշումների ենթակոմիտեի, զբաղվածության եւ սոցիալական, առողջապահության, վերապատրաստման եւ կրթության, տեղեկատվական հասարակության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով ենթակոմիտեի, առեւտրի հարցերով գործընկերության կոմիտեի, մարդու իրավունքների շուրջ երկխոսության եւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստերը:

Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Եվրոպական խորհրդի հետ համագործակցության համատեքստում շարունակվել են աշխատանքներն օրակարգի շուրջ, կայացել են մի շարք հանդիպումներ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի հանդիպումները, ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափով հանդիպումներ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ:

Փոխնախարարն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր պատվիրակությունների այցերին, իրականացված ծրագրերին եւ ստորագրված համաձայնագրերին:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք քննարկվում են ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր հեռանկարային հարցեր անվտանգության ոլորտում:

«Անվտանգության ոլորտը նոր ոլորտ է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում: Մեկնարկը տրվել է այս տարվա հունվարից: Դա նոր ոլորտ է, բայց վստահ եմ շատ օգտակար այս իրավիճակում` պայմանավորված թե' ԵՄ առաքելության տեղակայմամբ, թե' ԵՄ միջնորդական ջանքերով, ինչպես նաեւ գլոբալ այլ մարտահրավերներից ելնելով»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման դրական եւ բացասական ազդեցությունների, տարածաշրջանի պետությունների արձագանքի մասին:

Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Իրանն այս հարցի վերաբերյալ բավականին զգայուն, բայց դրական է արձագանքել. «Իրանի դեսպանն ասաց, որ որեւէ խնդիր չի տեսնում: Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում պատկերն այլ է: Պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրենք: Սահմանում պրովոկացիաների դեպքերը նվազել են: Բացի այդ, ավելի լայնամասշտաբ պրովոկացիան կանխվեց»,- նշել է  ԱԳ նախարարի տեղակալը:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: