ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հանձնաժողովի անդամների հետ մարտի 16-ին այցելել են Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց:
Հյուրերի ներկայությամբ հանդիսավոր մթնոլորտում բացվել է ինժեներական լաբորատորիաների դասասենյակը, որը համալրված է հայկական արտադրության, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ինժեներական կրթական սարքավորումներով եւ անհրաժեշտ տեխնիկայով:
Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի փորձագիտական խորհրդի անդամների միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաեւ վերանորոգվել է դպրոցի դասասենյակ:
Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ էլ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները երկկողմ արդյունավետ համագործակցության եւս մեկ ապացույց են:
Դպրոցի դահլիճում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը դիտելուց հետո Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովը եւս մեկ անգամ արձանագրել են, որ հայ եւ ռուս ժողովուրդների պատմամշակութային կապերն անհերքելի են եւ ուրախությամբ փաստել, որ նոր սերունդն այդ արժեքների կրողն ու շարունակողն է:
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած անձինք խրախուսվել են ԱԺ խորհրդանիշով՝ բրոնզե հուշամեդալով: