National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.03.2023
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է ձմեռային նստաշրջանի աշխատանքները
1 / 10

Ուզում եմ առանձնակի կարեւորություն տալ այն հանգամանքին, որ մենք վեհաժողովի շրջանակում ունեցել ենք երկկողմ հանդիպումներ, որոնք շատ կարեւոր եւ արժեքավոր են եղել. ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները՝ նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հրավիրված ասուլիսում:

Նա տեղեկացրել է, որ ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ  նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: Պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկային ու զարգացմանը վերաբերող հարցերի մասին, անդրադարձել տարածաշրջանին եւ Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերներին: Հայ խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել նաեւ Միացյալ Թագավորության պատվիրակության, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաեւ համագործակցությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում:

Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ նիստերի օրակարգերի թեման հիմնականում եղել է Ուկրաինայում ընթացող պատերազմը եւ դրա հետեւանքները:

Անդրադառնալով միջազգային հարթակներում հայկական դիրքորոշումների ներկայացմանն ու գործընկերների արձագանքին վերաբերող հարցին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ոչ միայն փոխվում են նրանց կարծիքները, այլ նաեւ միջազգային գործընկերները խոսում են դրա մասին: «Մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ-ի ընթացքում Լաչինի միջանցքի փակման մասին խոսել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորները: Նրանք նաեւ մեզ հետ մասնավոր զրույցներում իրենց մտահոգությունն են հայտնել: Եվ Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում հնչեցվող այն թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ, մեքենաներ են անցնում եւ հնարավոր է բեռներ փոխադրել եւ այլն, միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը որեւէ մեկը չի հավատում: Դա ակնհայտ է: Դրան գումարվում է նաեւ Հաագայի դատարանի որոշումը, որը մեկ անգամ եւս վերահաստատեց խնդրի լրջությունը»,- նշել է Սարգիս Խանդանյանը: Նա հավելել է, որ միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումներին հավատում են ու խոսում դրանց մասին: Պատասխանելով  խաղաղության պայմանագրի բանակցություններին վերաբերող հարցին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները, որոնք, մեծ հաշվով, տեղավորվում են Հայաստանի ինքնիշխանության, անկախության պաշտպանության, ինչպես նաեւ մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: «Թե մասնավոր ինչ կետերի շուրջ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս չեն կարողանում մոտեցնել իրենց դիրքորոշումները, կարծում եմ, որ բանակցողները պետք է այդ մասին խոսեն: Այնուամենայնիվ, մենք հանձնառու ենք շարունակելու բանակցությունները եւ հույս ունենք, որ կմոտենա այդ պահը, եւ մենք հնարավորություն կունենանք Ադրբեջանի հետ կնքելու խաղաղության պայմանագիրը»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Խորհրդարանական պատվիրակությունը փետրվարի 23-24-ը Վիեննայում մասնակցել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: