Տպել
02.02.2023
Ակնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը
1 / 13

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացերը եւ ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 2-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է գործնականում ի հայտ եկած տարընթերցումների եւ ներքին հակասությունների վերացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել «պետական շահ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաեւ «հանրային շահ» հասկացությունը:

«Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի իրականացման շրջանակում Դատախազությանը հնարավորություն կընձեռվի մասնակցել եւ լուծել համայնքի միջոցների տնօրինման եւ համայնքին պատճառված վնասի դեպքում իրականացվելիք դատավարական եւ իրավական գործընթացները: Մասնավորապես, այնպիսի խնդրահարույց իրավիճակներում, երբ համայնքի ղեկավարը չտեղեկացվածության, շահագրգռվածության կամ այլ պատճառով հայց չի ներկայացնում դատարան՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու, դրա հետեւանքները վերացնելու, համայնքի սեփականության ապօրինի տիրապետումը դադարեցնելու, ժառանգություն ընդունելու հետ կապված եւ այլ պահանջներով: Նման կարգավորման պարագայում դա կարող է իրականացվել նաեւ Դատախազության կողմից՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում»,- ասել է փոխնախարարը:

Փաթեթով նախատեսվում է նաեւ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին, քանի որ կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում:

Առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածներով, ըստ որոնց՝ անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ:

Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում եւ համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաեւ դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների շրջանակները:

Հաջորդիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները եւ պարզաբանել առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման անհրաժեշտությունը:

Անահիտ Մանասյանը հայտնել է, որ Դատախազության համակարգում նախաձեռնվել է բարեփոխումների լրջագույն փուլ, եւ այդ բարեփոխումները ներառում են նաեւ Դատախազության համակարգի  ամբողջական զարգացման հայեցակարգային ուղղությունների մշակում, որի ուղղություններից մեկը գործադիր իշխանությունից Դատախազության անկախությունն է, որը հստակ միջազգային չափանիշ է: «Մենք որեւէ բան այստեղ չենք հորինում, ամենօրյա աշխատանքի շրջանակում փորձ ենք անում երաշխավորել այդ չափանիշի իրացումը նաեւ Հայաստանի Հանրապետությունում:  Միեւնույն ժամանակ հանձնառություն ենք ստանձնել զարգացնելու ոլորտը բոլոր հնարավոր ասպեկտներով»,- ընդգծել է նա:

Պատգամավորները հնչեցրել են մի շարք հարցեր, առաջարկներ եւ դիտողություններ, որոնց նախաձեռնության հեղինակները կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անհասկանալի են համարել, թե ինչու է նախաձեռնության քննարկումը Կառավարությունը համարել անհետաձգելի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Նախագծով նախատեսվում է հստակեցնել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝  հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաեւ տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով եւ հրահանգներով սահմանված դեպքերում եւ կարգով:

Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը եւ գործառույթների որոշակիությունն ապահովելու նպատակով, նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը մտավոր սեփականության ոլորտում, որը, ըստ էության, ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս է:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


23.02.2024
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն Ազգային ժողովում է
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադ...

23.02.2024
Թանգարանների գործունեությունը կկարգավորվի օրենքով
Նախագծով կարգավորվում են թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են թանգարանների տեսակները, գործառույթները, օգտագործման նպատակները, թանգարանների ֆոնդերը համալրելու, հաշվառելու եւ հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների աջակցության ձեւերը, ...

23.02.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

23.02.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, 414 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստեր կգումարի փետրվարի 26-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, 114 ս...