Տպել
24.01.2023
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հունվարի 24-ին հանդիպել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի ու ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ:

Վուտեր Դոլը, ներկայացնելով Հայաստան այցելության առաջնային նպատակը, նշել է, որ իրենք մեր երկրում նախատեսում են իրականացնել «Քաղաքական կուսակցությունները՝ հանուն ներառական ժողովրդավարության» ծրագիրը, որի շրջանակում ցանկություն ունեն համագործակցելու ինչպես խորհրդարանական 3 խմբակցությունների, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ընդգծելով ծրագրի հիմնական նպատակը՝ Վուտեր Դոլը շեշտել է քաղաքական գործիչների եւ կուսակցությունների կարողությունների զարգացումը եւ վերջիններիս կողմից Հայաստանի քաղաքական եւ ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավվածության ապահովումը:

Ողջունելով հյուրերին Հայաստանում եւ ՀՀ Ազգային ժողովում՝ Արթուր Հովհաննիսյանը մաղթել է արդյունավետ աշխատանք եւ պատրաստակամություն է հայտնել  աջակցելու իրականացվելիք ծրագրին:

Հյուրերի խնդրանքով խմբակցության քարտուղարը պատմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման պատմության, կառուցվածքի  մասին: Նա անդրադարձել է 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավար հեղափոխությունից հետո ձեւավորված ներհայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկություններին, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողություններին ու նախատեսվող  ծրագրերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին:

Կողմերը քննարկել են նաեւ վերոնշյալ ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր, ձեռք են բերել պայմանավորվածություն՝ համագործակցել  կուսակցությունների ու քաղաքական գործիչների կարողությունների զարգացման եւ ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավվածություն ապահովելու ուղղությամբ: