Տպել
19.01.2023
Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը. Հայկ Մամիջանյան
1 / 2

ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների մեկնարկին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը:

Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձեւը՝ կապված Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքի հետ: Ըստ պատգամավորի՝ ԵԽ-ում շրջանառվող բանաձեւի տեքստը մի շարք կարեւոր արձանագրումներ է պարունակում: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը, մասնավորապես, բանաձեւում օգտագործվում է «ինքնակոչ ակտիվիստներ» ձեւակերպումը: Կարեւորվում է, որ շրջափակումն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում է:

Նա անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս հնչեցրած մտքին, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է շփման գծի երկայնքով ՀԱՊԿ ստորաբաժանումների տեղակայումից:

Հայկ Մամիջանյանը նշել է, որ, փաստացի, երկու կարեւորագույն ուժային կենտրոններից՝ հավաքական Եվրոպայից եւ Ռուսաստանի Դաշնությունից, եկել են հետեւյալ մեսիջները. հավաքական Եվրոպան եւս մեկ անգամ ընդգծել է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կարեւորությունը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ Հայաստանի ստրատեգիական դաշնակից Ռուսաստանը եւս մեկ անգամ բացահայտել է այն փաստը, որ Հայաստանը, փաստացի, հրաժարվել է ՀԱՊԿ աջակցությունից, որը ներառում էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայում շփման գծի երկայնքով, նաեւ՝ սպառազինության աջակցություն:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական պատասխանատվություն պետք է հետեւի գիշերը զորամասում տեղի ունեցած հրդեհին, Հայկ Մամիջանյանն ասել է. «Դժվար է այս պահին քաղաքական մեկնաբանություններ տալ գիշերը տեղի ունեցածին: Առաջին միտքը, որ գալիս է, այն է՝ գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը»:

Ճեպազրույցը կայացել է հունվարի 19-ին: