ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Գագիկ Բարսեղյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու անդրադարձել նրա մասնագիտական որակներին: Ըստ հանձնաժողովի նախագահի` Գագիկ Բարսեղյանի առաջադրման գործում մեծ դեր են խաղացել նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները:
2016 թվականից թեկնածուն զբաղեցնում է ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի պաշտոնը: Նշվել է, որ նրա ղեկավարման տարիներին ԱԺ բյուջետային գրասենյակը ծավալել է նպատակադրված գործունեություն:
Գագիկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա կարեւոր է համարել Հաշվեքննիչ պալատի դերակատարությունը պետության հաշվետվողականության շղթայում:
Ըստ Գագիկ Բարսեղյանի` աուդիտորները հաշվեքննության արդյունքում մատնանշում են տվյալ ոլորտում արձանագրած թերությունները, կատարում եզրակացություններ եւ առաջարկում քայլեր դրանց վերացման ուղղությամբ:
Թեկնածուն շեշտադրել է օրենսդիր իշխանության եւ Հաշվեքննիչ պալատի շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը` Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար:
Նշենք, որ հեղինակների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը: