Տպել
19.12.2022
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով Հայաստանի մշակութային ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ծավալելու միջսահմանային համագործակցություն եվրոպացի գործընկերների հետ
1 / 3

Հայաստանը մասնակցել է եվրոպական տարածքում մշակույթի ոլորտում թերեւս ամենամեծ` «Ստեղծագործ Եվրոպա» 2014-2020 թթ. ծրագրին:

Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Սա ծրագրի երկրորդ շրջափուլն է: Այն ստորագրվել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ հոկտեմբերի 11-ին ԵՄ նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից:

Ծրագրի շնորհիվ Հայաստանի մշակութային եւ ստեղծագործ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի եվրոպացի գործընկերների հետ: Կտրամադրվեն դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի եւ մի շարք այլ ոլորտներում: Ծրագիրը ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մի մասն է: Ծրագրին Արեւելյան գործընկերության երկրներից մասնակցում են նաեւ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան:

Նախատեսվում է անդամավճար, որը չափվում է բավականին բարդ ֆինանսական մեխանիզմով` ներառելով գործառնական հատկացում եւ մասնակցության վճար: Այս տարի Հայաստանը պետք է վճարի 54 հազար եվրոյի չափով անդամավճար:

Կգործի համապատասխան գրասենյակ, որն անհատ ստեղծագործողներին եւ մշակութային կազմակերպություններին կիրազեկի հնարավորությունների մասին, կզարգացնի նրանց կարողությունները լավագույն դրամաշնորհային հայտեր մշակելու եւ ներկայացնելու հարցում:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի` ծրագիրը լավ հնարավորություն է ստեղծարար ոլորտը զարգացնելու եւ եվրոպական տարածաշրջանում հայկական մշակույթը ներկայացնելու համար:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ դեռեւս նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ Հայաստանն ընդունել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը, ինչը պարտադիր նախապայման էր «Ստեղծագործ Եվրոպա» համաձայնագրի «Մեդիա» բաղադրիչին միանալու համար: Սակայն այդ բաղադրիչին Հայաստանը դեռեւս չի միացել:

Արդյո՞ք հնարավոր է հաջորդ տարի Հայաստանը միանա ծրագրին. հետաքրքրվել է հանձնաժողովի նախագահը: «Մենք 2014-2020 թթ. միացել ենք «Ստեղծագործ Եվրոպայի» «Մշակույթ» բաղադրիչին, կարող ենք հավակնել, որպեսզի միանանք նաեւ «Մեդիա» բաղադրիչին»,- պարզաբանել է Արթուր Մարտիրոսյանը` հավելելով. «Հայաստանը ԵՄ-ի հետ ունի «Մարդիկ մարդկանց համար» համագործակցության ձեւաչափ, որի օրակարգի կարեւոր բաղադրիչներից մեկն աուդիովիզուալ բաղադրիչով համագործակցությունն է»:

Նշվել է, որ Հայաստանին ներկայացվել են որոշակի առաջարկություններ, որոնց շրջանակում ենթաօրենսդրական կարգավորումներ կատարելու դեպքում Հայաստանի մասնակցությունը «Մեդիա» բաղադրիչին առավել արդյունավետ կլինի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը նշել է, որ «Մարդիկ մարդկանց համար» ենթահանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Արման Եղոյանը կարեւորել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրն ու քննարկվող համաձայնագիրը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


19.12.2022
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

19.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդը
Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադի...

19.12.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...