Տպել
07.12.2022
Գործադիրը փոփոխություն է կատարում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
1 / 3

««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները կատարելու պահանջով:

««Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ փոխգործակցության, հարթակի ներդրման նպատակով իրականացվում է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրում, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, ինչպես նաեւ դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել եւ ներբեռնել էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Նախաձեռնության ընդունմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաեւ համացանցային կայքէջում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Նրա խոսքով փոփոխությունները կարեւոր են, դրանք նպաստում են տնտեսվարողների եւ պետական ինստիտուտների միջեւ հարաբերությունները բարելավվելուն:

Նախաձեռնությունը քննարկվել է դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում: