Տպել
07.12.2022
Մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները հնարավորություն կունենան դասավանդելու նաեւ այլ հանրակրթական հաստատություններում. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
1 / 3

«Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ եւ հստակեցում կատարելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ են առաջարկում օրենքում:

Հեղինակներն առաջարկում են վերախմբագրել օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը. փոփոխությամբ մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները հնարավորություն կունենան արտամրցույթային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդելու նաեւ այլ հանրակրթական հաստատություններում:

«Այս պահին ՀՀ-ում ունենք 258 ուսուցչի թափուր հաստիք, ինչպես նաեւ ունենք մինչեւ 100 սովորող ունեցող 429-ը ուսումնական հաստատություններ: Դրանք կազմում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 31,5 տոկոսը»,- ընդգծել է հիմնական զեկուցող Լիլիթ Ստեփանյանը:

Պատգամավորի խոսքով նախաձեռնության ընդունմամբ գյուղական եւ սահմանամերձ փոքր համայնքների սովորողներին հնարավորություն կտրվի ուսումնասիրել այս կամ այն առարկան ոչ միայն առցանց, այլ նաեւ առկա տարբերակով:

Հստակեցվել է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության եւ մրցույթի կազմակերպման պահանջներին վերաբերող դրույթը:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել:

Ներկայացված նախագիծը համահունչ է Կառավարության քաղաքականությանը: Գործադիրը ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք հիմնականում ընդունվել են: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա տեղեկացմամբ Կառավարությունը Սյունիքում նախաձեռնել է կրթական որակյալ ծառայությունների քարտեզագրման աշխատանքներ` մյուս մարզերի գյուղական վայրերում եւս կիրականացվեն նմանատիպ աշխատանքներ:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում: