Տպել
07.12.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստերում երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք նախագծեր
1 / 3

««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար: Նպատակը, ըստ փոխոստիկանապետի, քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ, աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը:

Փոխոստիկանապետի խոսքով մինչեւ 2022 թ. վերջ կներդրվեն «խելացի» եւ «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցողների, այլ նաեւ մինչեւ նոր համակարգի ներդրումն էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն բարձր որակի եւ ավելի հարմարավետ ծառայություն:

Անդրադառնալով պաշտոնական էլեկտրոնային փոստի հարցին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն համարվում է հաղորդակցության պաշտոնական միջոց, որը շնորհվում եւ հաղորդագրություններ ստանալու նպատակով օգտագործվում է անվճար: Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտի թողարկման պահից բոլոր ֆիզիկական անձանց շնորհվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում, ըստ Արթուր Մարտիրոսյանի, ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից:

Հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարեւորել է օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթին:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նույն օրն ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բազային աշխատավարձը 83.200 ՀՀ դրամ սահմանվելու դեպքում որոշ պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան, ինչի հետեւանքով վերջիններիս եւ հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց աշխատավարձերի խզվածքը կմեծանա:

Առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով նախագծից հանվել է առաջին հոդվածը, ինչն ընդունելի է համարել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել անձի ֆունկցիոնալության համակարգի որոշ հարցեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Նույն օրն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրված արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը:

Լիազոր մարմնին կվերապահվի նաեւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու, ինչպես նաեւ մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը եւ ժամկետները սահմանելու լիազորությունները:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո ներկայացված առաջարկներն ընդունվել են: 


29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...