Տպել
05.12.2022
Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ոլորտում օրենսդրության բարելավման նախագծին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստին եւ 15-րդ լիագումար նիստին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության բարելավման վերաբերյալ հանձնարարականների  նախագծին, որը քննարկման է ներկայացվել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմամբ:

«ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրություններին եւ հանրաքվեներին արտաքին միջամտության աճող սպառնալիքների համատեքստում մեծանում է այս ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգման արդիականությունը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Հանձնարարականների նախագծով լրացվում է ԱՊՀ եւ ՀԱՊԿ մոդելային ակտերի գործող համակարգում առկա բացը: Նախագիծը ձեւակերպում է ընտրություններին եւ հանրաքվեներին օտարերկրյա միջամտության եւ ընտրական ինքնիշխանության հայեցակարգը, պարունակում է ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության միջազգային իրավական դաշտի վերլուծություն, սահմանում նպատակներն ու խնդիրները: Նախագծում ամրագրված են նաեւ ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության հիմնական առաջարկվող միջոցառումները, այդ թվում՝ օրենսդրական գործունեության համատեքստում:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ նախագծի հայեցակարգային դրույթները լիովին համապատասխանում են իրական իրողություններին, համակարգված եւ հիմնավորված են, փաստաթուղթն անցել է վեհաժողովի սահմանած փորձաքննության բոլոր ընթացակարգերը: Նա հավելել է, որ նախագծի  ընդունումը թույլ կտա համախմբված զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան՝ հաշվի առնելով ընտրական գործընթացների եւ ընտրական ինքնիշխանության պաշտպանության առաջարկվող համապարփակ բաղադրիչը:

Հակոբ Արշակյանն առաջարկել է աջակցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմանը ներկայացված հանձնարարականների նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ այս հարցով լիագումար նիստի որոշման նախագծին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...