Տպել
05.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ 2023-2025 թթ. փուլային եղանակով կներդրվի համընդհանուր հայտարարագրման համակարգ. ՀՀ ֆինանսների փոխնախարար
1 / 4

Օրենքների նախագծերով առաջարկվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման եւ միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը:

Նշվել է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների եւ վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը, իսկ հայտարարագրման համակարգն էլ առաջարկվում է ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 եւ 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

Ըստ փոխնախարարի՝ առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովության գծով ծախսերը: Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը պետք է սահմանի Կառավարությունը:

Արման Պողոսյանի հավաստմամբ Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերն օրենսգրքով հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի գումարից փոխհատուցվում են Կառավարության սահմանած կարգով: Սոցիալական ծախսերի փոխհատուցումից չեն կարող օգտվել եկամտային հարկի վերադարձման համակարգից արդեն օգտված ֆիզիկական անձինք: Սոցիալական ծախսերից չեն օգտվի այն հայտարարատուները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել:

2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով:

Առաջարկվում է սահմանել նաեւ մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են հայտարարագրման համակարգի կիրառությունը պարզեցնելուն եւ արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ սահմանված պարտավորությունները ժամանակին չկատարելու համար վարչական պատասխանատվություն սահմանելուն: Ըստ Արման Պողոսյանի՝ նախատեսվել են պատասխանատվության տարբերակված չափեր:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ անչափասները չեն ներկայացնի հայտարարագիր, ինչպես նաեւ առաջին հինգ տարվա ընթացքում հայտարարագրումից կազատվեն արտերկրից ստացվող եկամուտները:

Դրույթներից մեկով եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, որեւէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ֆիզիկական անձի համար՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

ՀՀ ռեզինդետ համարվող քաղաքացիների համար, որոնք որեւէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ առեւտրային կազմակերպության բաժնետեր՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Արման Պողոսյանի հավաստմամբ նախաձեռնության ընդունման նպատակադրումներից է նաեւ հարկեր վճարելու մշակույթի ամրապնդումը:

Հարցի քննարկման ընթացքում հանձնաժողովականները հիմնականում կողմ են արտահայտվել: Շեշտվել է նաեւ այն հանգամանքը, որ 2026 թ. սկզբից հանրապետությունում պետք է ապահովված լինի բնակչության համատարած համակարգչային գրագիտության միջին մակարդակ, ինչպես նաեւ համակարգիչների եւ ինտերնետի համատարած մատչելիություն:

Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Արման Պողոսյանը նշել է, որ հարկային գործակալի ինստիտուտը կշարունակի իր գործունեությունը:

Մտքերի փոխանակության ընթացքում նաեւ բարձրաձայնվել է հայտարարագրման հանրային մատչելի իրազեկման անհրաժեշտությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հայտարարագրման համակարգը կնպաստի թիրախային, սոցիալական եւ հարկային քաղաքականության ներդրմանը:

Հանձնաժողովի որոշմամբ հարցի վերաբերյալ դեկտեմբերի 14-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...