Տպել
05.12.2022
Նախագծով իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկը կվճարեն կիսամյակը մեկ
1 / 9

Առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումն իրականացնել 1-ին կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորման եւ կատարման մակարդակը, ինչպես նաեւ կբարձրանա նպատակային օգտագործման արդյունավետությունը: Այս մասին ասել է  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: Ֆիզիկական անձինք կշարունակեն անշարժ գույքի հարկը վճարել տարեկան մեկ անգամ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում եւ ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում: