Տպել
01.12.2022
Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ կազմվել է ծավալուն իրավական փաթեթ, որը ենթադրում է մեծ օրենսդրական, անգամ սահմանադրական փոփոխություններ. Գեւորգ Պապոյան
1 / 28

Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ կազմվել է ծավալուն իրավական փաթեթ, որը ենթադրում է մեծ օրենսդրական, անգամ սահմանադրական փոփոխություններ: Հանձնաժողովը, որի համակարգման տիրույթում է գտնվում նաեւ Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ օրենսդրությունը, պետք է ծանոթանա բոլոր կողմերի մասնագիտական կարծիքին եւ ներկայացնի իր գնահատականը նախագծի վերաբերյալ: Բազմակողմանի մասնագիտական եւ իրավական քննություն պետք է իրականացվի, պետք է քննարկվեն բոլոր դետալները, որպեսզի ունենանք լավարկված օրենսդրություն: Բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ տարբեր գերատեսչություններ ունեն տարբեր փաստարկներ: Ճշմարտությունը պետք է գտնենք բանավեճի շրջանակում, որպեսզի պատգամավորները ստանան ամբողջական տեղեկատվություն՝ օրենքի հետագա ճակատագրի հետ կապված իրենց որոշումը կայացնելու համար. ասել է Գեւորգ Պապոյանը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ եւ ոլորտի լավագույն մասնագետների ներգրավվածությամբ կազմակերպված համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին՝ Ծաղկաձորում:

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել Հաշվեքննիչ պալատի զարգացման հնարավորությունները, օրենսդրական նախաձեռնության հիմնական մոտեցումները, կարգավորումները, լսել շահագրգիռ կողմերի տեսակետներն ու առաջարկները:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ եւ փորձագետներ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովից, ներկայացուցիչներ Հաշվեքննիչ պալատից, Ֆինանսների, Արդարադատության եւ ՏԿԵ նախարարություններից, ՊԵԿ-ից, Կենտրոնական բանկից եւ ԱԺ բյուջետային գրասենյակից:

Օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները սկսվել են շուրջ մեկ տարի առաջ:

Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները,  խոսելով ՀՀ արտաքին պետական հաշվեքննության ոլորտի իրավական բարելավումների հայեցակարգի, քննարկվող իրավական փաթեթի հիմնական սկզբունքների ու մոտեցումների մասին, ներկայացրել են նաեւ Հաշվեքննիչ պալատի տեսլականը՝ բարեփոխումների եւ ռազմավարության վերաբերյալ:

«Որպես ելակետ վերցվել է Սահմանադրության արտաքին պետական հաշվեքննության գործառույթը կանոնակարգող բաժինը: Փաթեթում ներառել ենք նաեւ մեր պատկերացումները: Մեր կարծիքով Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել: Այդ վերանայումներն ավելի հիմնարար կդարձնեն իրավական դաշտը»,-  նշել է Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով մանրամասներ իրավական փաթեթից:

Քննարկման ընթացքում ներկայացվել են հարկային, բանկային գաղտնիքին վերաբերող մասնագիտական կարծիքներ եւ դրանց հասանելիության հնարավորությունը Հաշվեքննիչ պալատի կողմից: Անդրադարձ է կատարվել ֆինանսական անկախության բաղադրիչին, մարդկային ռեսուրսների կառավարմանը, բիզնեսի նկատմամբ հաշվեքննության մանդատին վերաբերող հարցերին:

Հաշվեքննիչ պալատի մասին իրավական փաթեթի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի իրավական եւ հանրային ծառայության հարցերով փորձագետներ Արտակ Ասատրյանը եւ Գարուշ Դավթյանը:

Իրավական փաթեթի եւ դրանում առկա մոտեցումների ու կարգավորումների վերաբերյալ դիրքորոշումներն են ներկայացրել ԿԲ խորհրդի անդամ Լեւոն Սահակյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Շահագրգիռ մարմինների ներգրավմամբ նման քննարկումներում բավականին հետաքրքիր անկյուններ են բացահայտվում: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ հանրությունը տեղյակ լինի հանրային, պետական ռեսուրսների ծախսման արդյունավետության մասին: Այս տեսանկյունից հետաքրքիր է, թե ինչն է խոչընդոտում ներկայում Հաշվեքննիչ պալատին իր գործառույթն առավել արդյունավետ իրականացնելու համար: Երկարաժամկետ ֆիսկալ կայունության տեսանկյունից չափազանց կարեւոր է այս գործառույթի արդյունավետ իրականացումը, որպեսզի խուսափենք ցանկացած տեսակի կողմնակալությունից մեր ապագա ֆիսկալ որոշումները կայացնելու ընթացքում»,-  ասել է Ավագ Ավանեսյանը:

ԿԲ խորհրդի անդամ Լեւոն Սահակյանը բարձր է գնահատել նման մշակույթով աշխատանքային քննարկումների անցկացումը, ինչն օգնում է շահագրգիռ կողմերին անկաշկանդ արտահայտելու դիրքորոշումները:

«Հակված ենք հանրային շահը դիտարկելու եւ այս տեսանկյունից գտնելու լավագույն լուծումները, որոնք կբխեն հանրային շահերից եւ հաշվեքննությունից»,-  նշել է Լեւոն Սահակյանը:

ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»  ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից եւ ուղղված է աջակցելու ՀՀ Ազգային ժողովի հաշվետվողականության, թափանցիկության եւ վերահսկողական գործառույթներին: